ՀՀ ոստիկանության զորքերը (ավելի վաղ՝ Ներքին զորքեր) երկուշաբթի նշել են իրենց ձևավորման 18-ամյակը։ Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներ։
«Այս հանդիսավոր պահին՝ գնահատելով ոչ այնքան հեռավոր անցյալը, մենք պետք է հպարտությամբ նշենք, որ գոյության 18 տարվա ընթացքում Ոստիկանության զորքերը հասարակական կարգի ապահովման, հատուկ տարածքների պահպանության, ինչպես նաև պետականության ամրապնդման՝ իրենց առջև դրված ինդիրները պատվով են կատարել»,- ասաց ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը։
Սարգսյանը նշեց, որ Ոստիկանության զորքերը մարտական մկրտություն են ստացել արցախյան պատերազմի տարիներին, երբ ներքին անվտանգության ապահովման հետ մեկտեղ իրականացնում էին Հայաստանի սահմանամերձ տարածքների և Ղարաբաղի բնակավայրերի պաշտպանությունը։ Նա նշեց, որ այս տարիներին ցուցաբերած խիզախության համար Ոստիկանության զորքերի ավելի քան 100 զինծառայողներ զանազան պետական պարգևներ են ստացել, նրանցից 58-ը՝ հետմահու։
Ոստիկանության պետը նաև ավելացրեց, որ այժմ Ոստիկանության զորքերը գտնվում են լուրջ բարեփոխումների փուլում, որոնց շրջանակներում արվում են ամեն ինչ՝ նրանց մարտունակության և պրոֆեսիոնալիզմի բարձրացման համար։ Մասնավորապես, նա նշեց, որ աշնանից սկսած Ոստիկանության զորքերի համալրումը կիրականացվի բացառապես պայմանագրերի հիման վրա։
Ելույթից հետո Սարգսյանը պետական և գերատեսչական մեդալներով պարգևատրեց Ոստիկանության զորքերի մի խումբ զինծառայողների։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 17-ին հրամանով՝ «Մարտական ծառայությունների համար» մեդալներ հանձնվեցին Սպառազինության գծով Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Վանիկ Մանուկյանին և Ոստիկանության զորքերի 1033 զինվորական մասի երկրորդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Վարդան Ջուլակյանին։
Ոստիկանության զորքերի մի շարք զինծառայողների գերատեսչական մեդալներ և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի անունից հիշարժան նվերներ հանձնեցին։ -0-