ՀԱՊԿ-ն պետք է խաղաղապահ առաքելություն ուղղեր Ղրղզստան. կուսակցության առաջնորդ

16.06.2010, 17:20
ՀԱՊԿ-ն պետք է խաղաղապահ առաքելություն ուղղեր Ղրղզստան. կուսակցության առաջնորդ

ՀԱՊԿ-ն պետք է ավելի ակտիվ միջամտեր Ղրղզստանում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես, խաղաղապահ ուժեր ուղարկեր այնտեղ, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի երիտասարդական կուսակցության (ՀԵԿ) առաջնորդ Վահան Բաբայանը:

Ղրղզստանի հարավային մայրաքաղաք Օշում և մարզկենտրոն Ջալալ-Աբադում արդեն մի քանի օր միջէթնիկական բախումներ են տեղի ունենում ղրղզների և ուզբեկների միջև: Մի քանի շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել: Հակամարտության գոտիները լքել են մինչև 200 հազար փախստականներ: Պաշտոնական վերջին տվյալներով, հարավում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում զոհվել է 179 մարդ: Ղրղզստանի իշխանությունները ՌԴ-ին են դիմել խաղաղապահների միջամտության խնդրանքով: ՀԱՊԿ-ն հանրապետությանը ռազմական և օդային տեխնիկա, ինչպես նաև հատուկ միջոցներ տրամադրելու որոշում է ընդունել:

ՀԵԿ առաջնորդի կարծիքով, ՀԱՊԿ-ն, որի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը, պետք է ակտիվ մասնակցություն ունենա Ղրղզստանի վերջին իրադարձություններին:

«Ղրղզստանի հակամարտությունը ներքին հակամարտություն է, և խաղաղապահ օպերացիաները հավաքական անվտանգության պայմանագրի համաձայնագրի մաս են»,- ասաց Բաբայանը:

Կուսակցության առաջնորդն ընդգծեց, որ Ղրղզստանում տեղի ունեցող իրադարձությունները ՀԱՊԿ-ի համար «դիմացկունության փորձություն էին»:

«Այն, ինչ տեղի է ունենում Ղրղզստանում, կարող է տեղի ունենալ Կազմակերպության անդամ-երկրներից յուրաքանչյուրում, և մենք պետք է պատրաստ լինենք աջակցել միմյանց»,- ընդգծեց Բաբայանը:

Նա ավելացրեց, որ ՀԱՊԿ-ն՝ որպես ԱՊՀ տարածքում խաղաղության և անվտանգության ապահովման ձևաչափ, դեռևս լուրջ գործուն ազդեցություն չունի, և պետք է շտկել այս իրավիճակը: -0-