Հնագետները պարզել են Հայաստանում 2008 թվականին գտնված հնագույն կաշվե «ոտնամանի» ճշգրիտ տարիքը։ Ոտնամանն ուսումնասիրությունների արդյունքում կոշկակարության արվեստի աշխարհի հնագույն նմուշն է, այն մոտ հինգ հազար տարեկան է, ասվում է PLoS ONE ամսագրում հրապարակված Հայաստանի, Իռնադիայի, Բրիտանիայի, Իսրայելի և ԱՄՆ-ի մի խումբ գիտնականների հոդվածում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Կաշվե կոշիկի հնագույն նմուշը գտնվել է Արենի-1 քարանձավում՝ էնեոլիթի դարաշրջանի (պնձաքարե դարաշրջան) բնակավայրի պեղումների ժամանակ։
Հնդկական մոկասիններ հիշեցնող «ոտնամանը» պատրաստված է կաշվի մեկ կտորից, ունեցել է 23,5 սանտիմետր երկարություն (ինչը համապատասխանում է 37-րդ համարին) և 7,6-ից տասը սանտիմետր լայնություն։ Դատելով ձևից՝ այն կրել են աջ ոտքին։ Այն պահին, երբ հնագետները հայտնաբերել են այդ մոկասինը, այն լցված է եղել ծղոտով, և, հնարավոր է՝ պատրաստված է եղել նորոգման կամ երկարատև պահպանման համար։
Այդ ոտնամանի կաշվի երեք նմուշ ուղարկվել է Օքսֆորդ և Իրվինում գտնվող Կալիֆոռնիայի համալսարան՝ ռադիոածխածնային մեթոդի օգնությամբ տարեթվի որոշման նպատակով։ Տվյալները ցույց են տվել, որ կոշիկի այս նմուշը պատրաստվել է մ.թ.ա. 3627-ից 3377 թվականների միջև ընկած ժամանակահատվածում կամ մոտ 5 հազար տարի առաջ։
Նախկան այս գտածոն, հնագույն հայտնի կաշվե կոշիկը հայտնաբերվել է մի քանի հազար տարի առաջ ալպյան սառցադաշտերում սառած և 1991 թվականին գտնված Օտցի (Oetzi) «տիրոլյան սառցե մարդու» ոտքերին։ Նրա մնացորդները տարեգրվում են մ.թ.ա. 3365-ից 3118 թվականներին։ Սառցե մարդու ոտքերին եղել են եղջերվի կամ արջի կաշվից պատրաստած «գուլպաների» հատվածներ։ -0-