Հայ երիտասարդության ընդամենը 5 տոկոսն է ակտիվ մասնակցում երկրի հասարակական կյանքին. փորձագետ

Հայ երիտասարդության ընդամենը 5 տոկոսն է ակտիվ մասնակցում է երկրի հասարակական կյանքին, որոշումների ընդունման գործընթացներին, կարծում է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, Հայաստանի վարչապետին առընթեր Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նախագահ Ատոմ Մխիթարյանը:
«16-30 տարեկան երիտասարդները Հայաստանի բնակչության մեկ քառորդն են կազմում, սակայն երկրի հասարակական կյանքում ակտիվ մասնակցություն ունի երիտասարդների միայն 5 տոկոսը»,- չորեքշաբթի ասաց նա մամուլի ասուլիսում:
Մխիթարյանի խոսքերով՝ երիտասարդության ակտիվ հատվածը հիմնականում ներգրավված է քաղաքական կուսակցություններում, ավելի հազվադեպ` հասարակական կազմակերպություններում:
«Երիտասարդական ակտիվությունը Հայաստանում ավելի շատ կրում է քաղաքական բնույթ, այսինքն երիտասադները ձգտում են դեպի քաղաքականություն, ցանկանում են ինչ-որ պաշտոն զբաղեցնել: Այդ պատճառով այն մարդիկ, ովքեր ժամանակի ընթացքում դուրս են մնում այդ պայքարից, աստիճանաբար հեռանում են ակտիվ գործունեությունից»,- նշեց դաշնության նախագահը:
Մխիթարյանն ընդգծեց, որ հետխորհրդային տարածքի երկրներում երիտասարդական ակտիվության մակարդակը գրեթե հավասար է Հայաստանի ցուցանիշին, մինչդեռ զարգացած արևմտյան երկրներում հասարակական կյանքին մասնակցում է երիտասարդների մինչև 50 տոկոսը:
«Ի տարբերություն Արևմուտքի՝ մեզ մոտ մոռանում են, որ ուսանողը ոչ միայն կրթություն ստացող մարդ է, այլ նաև իր պետության ակտիվ քաղաքացին»,- ասաց Մխիթարյանը: -0-