ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչները և Եվրամիության փորձագետները սկսել են քննարկել դատաիրավական բարեփոխումների իրականացման հնարավոր մեխանիզմը՝ Երևանում մեկնարկած «Դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարի և քրեական քաղաքականության իրականացման» աշխատաժողովի ժամանակ։
Երկօրյա աշխատաժողովը՝ նախաձեռնված գլխավոր դատախազության և Եվրոպական հանձնաժողովի կողմից, մեկնարկել է չորեքշաբթի Երևանում։
«Նման նախաձեռնության անհրաժեշտությունն այն է, որ տվյալ փուլում Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների փուլում հանրապետության մի շարք օրենքներում ուղղումներ մտցնելու անհրաժետշություն կա, մասնավորապես, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, քրական քաղաքականության իրականացման գործում»,- աշխատաժողովի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։
Ըստ նրա՝ քրեական քաղաքականության արդյունավետ իրականացման համար, որը, գործող օրենսդրության համաձայն՝ դատախազության պարտականությունն է, համապատասխան օրենսդրական բազա է անհրաժեշտ։
«Կարծում եմ, որ այդ նախաձեռնության արդյունքները զգալի կլինեն»,- ասաց գլխավոր դատախազը՝ հույս հայտնելով, որ քննարկումների արդյունքներում կհաջողվի դատաիրավական բարեփոխումների իրականացման առավել արդյունավետ մեխանիզմներ մշակել։
Երկօրյա աշխատաժողովի ընթացքում ՀՀ դատաիրավական մարմինների ներկայացուցիչները միջազգային փորձագետների հետ համատեղ կքննարկեն քրեական քաղաքականության իրականացման, կոռուպցիոն ռիսկերի նվազման, մարդու իրավական պաշտպանության նոր գործուն մեխանիզմների ստեղծման, նշված ոլորտներում դատախազության դերի, դատախազի լիազորությունների իրականացման մեխանիզմների հետ կապված խնդրահարույց հարցերը:
Ըստ Հովսեփյանի՝ երկօրյա քննարկումների արդյունքները այդ կարևոր հարցերի վերաբերյալ հետագա օրենսդրաական բարեփոխումների հիմքում կլինեն, ինչը կնպաստի եվրոպական չափանիշներին հայկական օրենսդրության համապատասխանեցման գործընթացին։
Քննարկումներին մասնակցում են հրավիրված միջազգային փորձագետներ Եվրամիության մի շարք երկրներից, մասնավորապես, Իտալիայից, Հունգարիայից, Սլովակիայից, Ֆրանսիայից, Հոլանդիայից և այլ երկրներից։
Հրավիրվածների թվում են, ըստ գլխավոր դատախազի, եվրոպական օրենսդրությանը համապատասխան աշխատող պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում նաև երիտասարդ հանրապետություններից մասնակցիներ, որոնք նույնպես գտնվում են օրենսդրության ակտիվ ձևակերպման փուլում։ -0-