Հայաստանն ու Սլովակիան կարևորում են մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտումը

21.05.2010, 16:27
Հայաստանն ու Սլովակիան կարևորում են մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտումը

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Սլովակիայի Ազգային Խորհրդի պատգամավոր, Ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր՝ կարեւորելով մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտումն ու պատշաճ միջոցների ձեռնարկումը դրանք հետագայում բացառելու համար:

ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել պարոն Միկլոշկոյին՝ Սլովակիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման գործում ունեցած մեծ ավանդի համար:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը՝ նախանշելով կոնկրետ ուղղություններ:

Սլովակիայի Ազգային Խորհրդի պատգամավոր, ԱԽ-ի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն Հայաստան է ժամանել՝ ԼՂՀ մեկնելու և որպես պաշտոնական դիտորդ ԼՂՀ-ի Ազգային Ժողովի մայիսի 23-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար:-0-