ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները չորեքշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ լրացումներ են կատարել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» օրենքում:
«Առաջարկվող փոփոխությունների համաձայն, իրավաբանական անձին կմերժվի պետական գրանցումը, եթե կանոնադիր կապիտալի կամ ֆոնդի նվազագույնը 10 տոկոսը պատկանում է գործադիր մարմնի հիմնադրին կամ ղեկավարին, ով դատվածություն ունի տնտեսական գործունեության դեմ կատարած հանցագործության կամ ահաբեկչության ֆինանսավորման համար»,- ասաց ՀՀ Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը:
Ըստ նրա, օրենքում ուղղումներ մտցնելը թելադրված է կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների զարգացման անհրաժեշտությամբ:
Դանիելյանը նշեց, որ իրավաբանական անձը պետական գրանցման հարցում կմերժվի նաև, եթե նշված անձանց դատվածությունը չի հանվել և չի մարվել:
Ուղղումների նախագծի համաձայն, պետական գրանցմանը խանգարող հանցագործությունների թվին են պատկանում, մասնավորապես, անօրինական ձեռնարկատիրությունը, կեղծ ձեռնարկատիրությունը, վարկերի ոչ նպատակային օգտագործումը, կանխամտածված և ձևական սնանկացումը, կոմերցիոն կամ բանկային գաղտնիքի հրապարակումը, հարկերի վճարումներից խուսափելը, մաքսանենգությունը, պաշտոնեական լիազորություններն անցնելն ու չարաշահելը, կաշառք տալը և ստանալը: -0-