Առաջին անգամ իտալերենով ուղեցույց է հրատարակվել Հայաստանի և Ղարաբաղի մասին
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին իտալերեն լեզվով առաջին ուղեցույցի շնորհանդեսն է տեղի ունեցել երեքշաբթի Երևանում։
«Հայ ժողովուրդը շատ առանձնահատուկ պատմամշակութային ավանդույթներ ունի և շատ կարևոր է դրանք ներկայացնել Իտալիայի զբոսաշրջային շուկայում»,- երեքշաբթի ասաց ուղեցույցի հեղինակ, Travelmark մարքեթինգային ընկերության ներկայացուցիչ Նադյա Պասկուալը (Nadia Pasqual)։
Ուղեցույցը պատրաստվել է Travelmark ընկերության կողմից Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և Ղարաբաղի կառավարության զբոսաշրջության հարցերի վարչության աջակցությամբ։
«Իտալացի զբոսաշրջիկներն, անկասկած, շահագրգռված են Հայաստան և Լեռնային Ղարաբաղ այցելություններով։ Մենք պետք է ավելի շատ առաջ մղենք այդ ուղղություններն իտալացի զբոսաշրջիկների շրջանում»,- ասաց Պասկուալն, ընդգծելով, որ հիմնական հետաքրքրությունն այսօր ներկայացնում է մշակութային և կրոնական զբոսաշրջությունը։
Նա ավելացրեց, որ Իտալիայում Ադրբեջանի դեսպանն իր բողոքն է արտահայտել նաև Լեռնային Ղարաբաղի մասին տեղեկություններ պարունակող ուղեցույցի հրատարակման առիթով։ Նրա խոսքերով՝ դեսպանին առաջարկվել է ծանոթանալ ուղեցույցի հետ և այնուհետև միայն հետևություններ անել։
Իր կողմից ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության հարցերի վարչության ղեկավար Սերգեյ Շահվերդյանն ասաց, որ ուղեցույցի հրատարակումը հաջող սկիզբ է Լեռնային Ղարաբաղը հայկական զբոսաշրջային շուկայում ընդգրկելու համար։ Նա շնորհակալություն հայտնեց ուղեցույցի ստեղծման գործում մասնակցած կողմերին և գրքի հեղինակին։
Շուրջ 350 էջից բաղկացած ուղեցույցը ներկայացնում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պատմությունը, մշակույթն ու կրոնը, համալրված է Հայաստանի տեսարժան վայրերի լուսանկարներով։ Ուղեցույցը կլրացնի «Polaris» իտալական զբոսաշրջային հայտնի ուղեցույցերի շարքը։ -0-