Երկուշաբթի Երևանի ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 23-ամյա մի երիտասարդ, ում կասկածում են ահաբեկչության վերաբերյալ կեղծ տեղեկատվություն հաղորդելու մեջ, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Մայիսի 16-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել անհայտ անձը և հայտնել, որ Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում գործող «Սթար» սուպերմարկետում ռումբ է տեղադրված, որը մեկ ժամվա ընթացքում պայթելու է։ Ավելի ուշ ևս մեկ ահազանգ է ստացվել, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի մոտ 18 214 պետհամարանիշի ավտոմեքենայի մեջ միջուկային զենք է տեղադրված»,- ասվում է հաղորդագրությունում:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ահազանգերը կատարվել են Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում և Մաշտոց 37 հասցեի դիմաց տեղակայված քարտֆոն հեռախոսներից:
Մայիսի 17-ին, ժամը 10.05-ին, ահաբեկչության մասին կեղծ ահազանգեր տալու համար ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Էդգար Վ.-ն: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին` նախաքննություն կատարելու: -0-