ԼՂՀ-ն պետք է անհապաղ ներկայացնի հակամարտության կարգավորման իր դիրքորոշումը. ՀԴԿ

14.05.2010, 15:08
ԼՂՀ-ն պետք է անհապաղ ներկայացնի հակամարտության կարգավորման իր դիրքորոշումը. ՀԴԿ

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ներկայացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր դիրքորոշումը՝ չսպասելով բանակցությունների կողմ դառնալու պահին, կարծում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ 

Սարգսյանը մեկնաբանեց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի խոսքերն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը կմիանա բանակցություններին միայն այն ժամանակ, երբ դրանք «լուրջ» դառնան։

«Երբ բանակցությունները լուրջ դառնան, այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի կարծիքն այլևս ոչ ոք չի հարցնի։ Լեռնային Ղարաբաղի կարծիքը պետք է հիմա հաշվի առնել»,- նշեց նա։

Սարգսյանն ավելացրեց, որ հայկական կողմը տարօրինակ և ոչ լուրջ կարծիք ունի այն մասին, որ ԼՂՀ-ն կարող է հետագայում հրաժարվել կարգավորման բազային սկզբունքներից, նույնիսկ եթե Հայաստանը դրանց հետ համաձայնի։

Նա ընդգծեց, որ նման հնարքներով միջազգային հանրությունն ու առաջին հերթին գերտերություններին խաբել չի հաջողվի։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-