Հանդուրժողականության մթնոլորտի զարգացման և երկխոսության մշակույթն անհրաժեշտ են ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ տարածաշրջանում. Օմբուդսմեն

13.05.2010, 15:50
Հանդուրժողականության մթնոլորտի զարգացման և երկխոսության մշակույթն անհրաժեշտ են ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ տարածաշրջանում. Օմբուդսմեն

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նշել է հանդուրժողականության մթնոլորտի զարգացման և երկխոսության մշակույթի ձևավորման կարևորությունն ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարածաշրջանում Եվրոպայի [խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ընթացքում:

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Օմբուդսմենի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են  ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերները:

 «Հարությունյանը, կարևորելով Չավուշօղլուի պատասխանատու  առաքելությունը ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում, ընդգծել է տարածաշրջանում համերաշխության և կայունության ապահովման կարևորությունը` որպես մարդու իրավունքների երաշխավորման կարևորագույն նախապայման»,- ասվում է հաղորդագրությունում:          

Չավուշօղլուն հայտնել է, որ սա իր առաջին այցերից է անդամ երկրներ` ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, և ինքն արդեն եղել է Մոլդովայում և Ադրբեջանում:

Կարևորելով Օմբուդսմենի դերը ԵԽ-ում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման գործում՝ ԵԽԽՎ նախագահը կարևորել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցի առաջարկների կատարման, ընտրական օրենսգրքի կատարելագործման, ինչպես նաև արդարադատության համակարգի բարեփոխման գործընթացները:

ԵԽԽՎ նախագահը հայտնել է, որ Թուրքիայում մոտակա ամիսների ընթացքում նախատեսվում են սահմանադրական փոփոխություններ, որոնց արդյունքում այդ երկրում  կստեղծվի Օմբուդսմենի ինստիտուտ:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն երկօրյա այցով Հայաստանում է գտնվում։ Այցի շրջանակներում ԵԽԽՎ ղեկավարը հանդիպումներ է անցկացրել Հայաստանի բարձրագույն իշխանության հետ, նախատեսված են նաև հանդիպումներ խորհրդարանական խմբակցությունների անդամների, արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ։ -0-