Հայ-թուրքական գործընթացի նոր փուլը կսկսվի երրորդ կողմի մասնակցությամբ. Ցեղասպանության թանգարանի տնօրեն

06.05.2010, 18:12
Հայ-թուրքական գործընթացի նոր փուլը կսկսվի երրորդ կողմի մասնակցությամբ. Ցեղասպանության թանգարանի տնօրեն

Քիչ հավանական է, որ հայ-թուրքական գործընթացի նոր փուլը սկսվի երկկողմ ձևաչափով՝ առանց երրորդ կողմի ներգրավման, կարծում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

«Երրորդ կողմն այդ դեպքում պետք է առկա լինի, միաժամանակ պետք է լուրջ ազդակ լինի, որն արտահայտված կլինի ճնշման կամ որևէ վտանգի տեսքով»,- հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Դեմոյանը։

Միաժամանակ նա վստահություն հայտնեց, որ հայկական կողմը երբեք զիջումների չի գնա ղարաբաղյան հարցում, որպեսզի թուրքական կողմը բացի սահմանները և դիվանագիտական կապեր հաստատի Հայաստանի հետ։

Միաժամանակ Դեմոյանն ասաց, որ Թուրքիայում ներկայումս որոշակի դիմակայություն կա հայ-թուրքական գործընթացի հետ կապված։ Բայց միևնույն ժամանակ, ըստ նրա, ընդհանուր առմամբ հայ-թուրքական խնդիրը հաղթաթուղթ է առանձին քաղաքական ուժերի կողմից սեփական նպատակների առաջմղման  համար։

«Թուրքական ազատական և կիսաազատական որոշ շերտեր կողմ են հանդես գալիս հայ-թուրքական հարաբերություններին՝ թուրքական պետության իմիջի բարձրացման համար, բայց այդպես է միայն առաջին հայացքից, իսկ Թուրքիայի ներսում խնդիրներ կան տարբեր շերտերի միջև, և այստեղ հայ-թուրքական հարաբերությունները վերածվում են փոխադարձ մեղադրանքի և անձնական շահերի և նպատակների հասնելու գործիքի»,- ընդգծեց նա։ -0-