Հայկական պետբուհերի ուսանողները պահանջում են մագիստրատուրայի և ասպիրանտուրայի տեղերը չկրճատել

06.05.2010, 16:16
Հայկական պետբուհերի ուսանողները պահանջում են մագիստրատուրայի և ասպիրանտուրայի տեղերը չկրճատել

Հինգշաբթի հայկական մի շարք պետբուհերի ուսանողներ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել՝ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի տեղերը կրճատելու որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով:

Ապրիլին կառավարությունն ասպիրանտուրայի և մագիստրատուրայի տեղերի կրճատման, ինչպես նաև վճարովի բաժնում սովորող ասպիրանտների և մագիստրոսների համար զինծառայությունից տարկետման վերացման մասին որոշում է կայացրել:

«Կրթության իրավունք» կարգախոսով անցնող ակցիայի մասնակիցները նամակ են պատրաստել ՀՀ վարչապետին:

«Նամակում հիմնականում ներկայացված են կառավարությանն ուղղված մեր պահանջները, և առաջարկվել են այլընտրանքային որոշումներ: Մասնավորապես, այն ենթադրում է փոփոխություններ զինապարտության մոդելում և ասպիրանտուրա ու մագիստրատուրա ընդունվելու ձևաչափի հրապարակայնություն»,- լրագրողներին ասաց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Դանիել Հովհաննիսյանը՝ ակցիայի ղեկավարներից մեկը:

Ուսանողները փորձեցին նամակը փոխանցել կառավարության դիմումների քննության և քաղաքացիների ընդունելության վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին, սակայն վերջինս նշեց, որ փաստաթուղթը պետք է կազմված լինի պատշաճ կերպով, մասնավորապես, պետք է նշել հեղինակների ստորագրությունն ու հասցեն, որից հետո այն քննության կընդունվի:

Ակցիայի կազմակերպիչները որոշեցին նոր նամակ կազմել և այն նորից ներկայացնել կառավարության աշխատակազմ:

Բողոքի ակցիային մասնակցել են Երևանի պետական համալսարանի, տնտեսական համալսարանի, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի, ճարտարագիտական  համալսարանի և այլ բուհերի ուսանողները: -0-