Միջազգային հանրությունը հասկանում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կասեցնելու մասին Հայաստանի որոշումը. դեսպան

04.05.2010, 19:54
Միջազգային հանրությունը հասկանում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կասեցնելու մասին Հայաստանի որոշումը. դեսպան

Միջազգային հանրությունը լավ է  հասկանում Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կասեցնելու անհրաժեշտությունը, երեքշաբթի Հայաստանում Չեխիայի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Եստրաբի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

«Հանձնաժողովի նախագահը դեսպանի  խնդրանքով ներկայացրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կասեցնելու վերաբերյալ ՀՀ նախագահի հայտարարության քաղաքական դրդապատճառները` գոհունակությամբ արձանագրելով, որ միջազգային հանրությունը շատ լավ հասկանում է Թուրքիայի վարած անհետևողական քաղաքականության հետևանքով հայկական կողմի կատարած այդ քայլի անհրաժեշտությունը»,- հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Զոհրաբյանը շնորհակալություն հայտնեց նրան հայ-չեխական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ գործադրած ջանքերի, մասնավորապես, ուսանողական կրթաթոշակային տեղերը վերականգնելու և Չեխիայի բուհերում հայ ուսանողներին ուսումնառության հնարավորություն տալու համար: Ուսանողների կրթաթոշակի հարցը հանձնաժողովի նախագահը բարձրացրել էր Չեխիայի խորհրդարանական պատվիրակության հետ մարտին կայացած հանդիպման ժամանակ։  

Հանդիպմանը քննարկվեցին «Արևելյան գործընկերության» ծրագրի իրականացման  հետագա քայլերին, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, հայ-չեխական հարաբերությունների ակտիվացմանն առնչվող հարցեր:

Կողմերը մտահոգության հայտնեցին «Եվրանեսթի» մեկնարկի ձգձման առնչությամբ՝ նշելով, որ Բելառուսին «Արևելյան գործընկերության» ձևաչափից օտարումը չի բերելու այդ երկրում ժողովրդավարության հետ կապված խնդիրների լուծմանը։

Իր կողմից դեսպան Իվան Եսթրաբին Զոհրաբյանին տեղեկացրեց Չեխիայում կատարվող նախընտրական իրավիճակի մասին և հույս հայտնեց, որ Չեխիայում այս ամիս կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կայցելի Չեխիա։ Հանդիպմանը քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: -0-