«Մենք կարդում, խոսում և երգում ենք ռուսերեն» յոթերորդ միջբուհական մրցույթ-փառատոնն է մեկնարկել Երևանում

04.05.2010, 15:53
«Մենք կարդում, խոսում և երգում ենք ռուսերեն» յոթերորդ միջբուհական մրցույթ-փառատոնն է մեկնարկել Երևանում

Երևանում երեքշաբթի տեղի է ունեցել «Մենք կարդում, խոսում և երգում ենք ռուսերեն» յոթերորդ միջբուհական մրցույթ-փառատոնի բացումը, որը նվիրված է Մեծ հաղթանակի 65-ամյակին:

Ինչպես հայտարարեց Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության փոխնախագահ Վլադիմիր Զյուրկինը, հատկապես ուրախալի է, որ միջոցառումը նվիրված է Մեծ հաղթանակին:

«Ցանկանում եմ շնորհավորել բոլորին գալիք մայիսի 9-ի կապակցությամբ, բոլորին մաղթել առողջություն, հաջողություն, բարեկեցություն և անամպ երկինք գլխավերևում, որպեսզի երբեք պատերազմ չլինի», - իր ողջույնի խոսքում նշեց Զյուրկինը:

Մրցույթ-փառատոնի ժյուրիի նախագահ, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի ժողովրդական արտիստ և Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Գրիգորյանը բարձր է գնահատել այս միջոցառման անցկացման փաստը:

«Շնորհավորում եմ բոլորին գալիք տոնի կապակցությամբ: Մենք ուրախ ենք, որ օրեցօր ընդլայնվում է մեր փառատոնի աշխարհագրությունը, որն ընդգրկում է «Երևան-Գյումրի-Արցախ» հսկայական տարածությունը», - նշեց նա:

Նրա խոսքերով՝ փառատոնն արմատավորվել է հայերի գիտակցության մեջ, քանի որ այն իր մեջ կրում է բարեկամության և միասնության ազգային զգացմունքը:

«Մեծ հաղթանակի 65-ամյակին նվիրված այսօրվա փառատոնն առանձնահատուկ է, քանի որ պատերազմի տարիներին մենք միասին էինք նույն շարքում և միևնույն ԽՍՀՄ պետության կազմում: Ինչ էլ որ նրա մասին խոսեն, այն միասնական և բարեկեցիկ պետություն էր, որն ուներ  ազատության և այն գաղափարների երազանքը, որոնց մենք այդպես չկարողացանք հասնել: Սակայն, այնուամենայնիվ, այսօր մենք միասին ենք և տոնում ենք այդ նշանակալի՝ Մեծ հաղթանակի օրը», - ընդգծեց նա:

«Ընթերցանություն», «Երգեցողություն» և «Խոսք» անվանակարգերում մայիսի 4-5-ն անցկացվող մրցույթի շրջանակներում կկատարվեն հայ և ռուս հեղինակների պատերազմական երգերն ու բանաստեղծագործությունները:

Միջոցառման մասնակիցներն են Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արցախի 24 համալսարանների, Ռուսաստանի և Ուկրաինայի մի շարք համալսարանների հայկական մասնաճյուղերի ուսանողները:

Միջոցառման կազմակերպիչն է «Սլավյանսկի դոմ» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:-0-