ՄԱԿ-ը կաջակցի Հայաստանին աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի ձևավորման հարցում, երեքշաբթի հայտարարեց Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։
«Այս հարցով արդեն մեր երկիր են այցելել ՄԱԿ-ի ներկայացուցիչները, և ես հույս ունեմ, որ քննարկումների արդյունքում կհաջողվի ծրագիր մշակել աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի ժամանակակից կառույցի ձևավորման նպատակով»,- ասաց Բաղդասարյանը տվյալ պլատֆորմի քննարկմանը նվիրված միջազգային համաժողովի ընթացքում։
Այս կապակցությամբ ազգային անվտանգության քարտուղարը նշեց, որ տվյալ պլատֆորմի ստեղծումը պետության առաջնահերթություններից է, քանի որ այն նախատեսված է ազգային անվտանգության ծրագրերում, 2009-2011 թվականների «Եվրամիությունը Հայաստանին» ծրագրի շրջանակներում և Հայաստանի պետական բարեփոխումների ծրագրով։
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան իր հերթին ընդգծեց, որ ինչպես իշխանությունների, այնպես էլ Հայաստանի ոչ կառավարական կազմակերպությունների շահագրգռվածությունն ազդակ է տվյալ նախաձեռնության հետագա դրական զարգացման համար։
Պլատֆորմի հիմնական ակնկալվող արդյունքն աղետների պատճառով մարդկային, սոցիալական, տնտեսական և բնապահպանական կորուստների կրճատումն է Հայաստանում։
Հայաստանում աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի մշակմանը մասնակցում են ՄԱԿ-ը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID), ինչպես նաև Հայաստանի կառավարական կառույցները՝ ներառյալ Ազգային անվտանգության խորհուրդը և հանրապետության ԱԻՆ-ը։
Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի ստեղծումը նախատեսված է ՄԱԿ-ի անվտանգության աջակցության միջազգային ուժերի և 2005 թվականի հունվարի 18-ից 22-ը ճապոնական Կոբե քաղաքում կայացած միջազգային համագումարում ընդունված 2005-2015 թվականների Գործողությունների Հիոգյան ծրագրի համակարգի շրջանակներում։
ՄԱԿ-ի տվյալների համաձայն, միայն 2008-2009 թվականների ընթացքում ողջ աշխարհում արձանագրվել է շուրջ 60 մլրդ դոլարի վնաս հասցրած ավելի քան 300 աղետ։ Եթե զարգացած երկրներում վնասն ավելի շատ տնտեսական բնույթ է կրում, ապա զարգացող երկրներում աղետների հիմնական հետևանքն է տասնյակ հազարավոր տուժածների թվի ավելացումը։ -0-