ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախարարությունները կօպտիմալացվեն, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքերով՝ այժմ աշխատանքներ են ընթանում նախարարությունների գործառույթների ճշտման ուղղությամբ, ինչից հետո կհաստատվեն նրանց նոր կանոնադրությունները՝ ճշտված գործառույթներով, զգուգահեռաբար աշխատանքներ են ընթանում բիզնես-գործընթացների նկարագրման ուղղությամբ: ՀՀ վարչապետի խոսքերով՝ մշակույթի նախարարությունում և արտգործնախարարության հյուպատոսական ծառայությունում այդ աշխատանքներն արդեն ավարտվել են:
«Նշված աշխատանքների ընթացքում պարզ է դառնում, որ մենք օպտիմալացման խնդիր ունենք, կարող ենք ազատվել շատ գործառույթներից և բնականաբար՝ կրճատենք աշխատատեղերը: Արդյունքում՝ կուտակված լրացուցիչ ֆինանսական միջոցները կթողնենք նախարարությունների տնօրինման տակ և կուղղենք պարգևատրման հիմնադրամներ», - ասաց Սարգսյանը:
Նրա խոսքերով՝ դա կարևոր հանգամանք է, քանի որ Համաշխարհային բանկի հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարությունների կազմի մեջ ՀԲ-ի ծրագրերի իրագործմամբ զբաղվող բոլոր գրասենյակների ինտեգրման մասին:
«Գաղտնիք չէ, որ այդ գրասենյակներում աշխատավարձը շատ ավելի բարձր է, քան նախարարություններում, և մենք պետք է ինտեգրման գործընթացն այնպես կազմակերպենք, որպեսզի բարձր աշխատավարձով ապահովենք նախարարությունների լավագույն մասնագետներին», - ասաց վարչապետը:
Նրա խոսքերով՝ այս ամենի համար նախարարությունների ղեկավարները պետք է իրենց վերահսկողության տակ առնեն անցկացվող աշխատանքները, քննարկեն, թե որ գործառույթներից կարելի է ազատվել առաջնահերթ կերպով, իսկ տնտեսած միջոցները ուղղեն պարգևատրմանն ու աշխատավարձների բարձրացմանը:
«Մենք այս աշխատանքները պետք է ավարտենք տարվա ընթացքում, որպեսզի զուգահեռաբար նախարարությունների աշխատակազմերում ծրագրերի իրագործման գրասենյակներից նոր մասնագետներ ներգրավենք», - նշեց կառավարության ղեկավարը:
Նա ավելացրեց, որ այս հարցերի շուրջ համաձայնություն պետք է ձեռք բերվի 3-4 ամսվա ընթացքում, այն է՝ թե որքան աշխատատեղ կարելի է կրճատել և կուտակած միջոցներ թողնել նախարարությունների տնօրինման տակ:-0-