Հայկական ԶԼՄ-ները կտրուկ են հայ-թուրքական հարաբերությունների հարցում. հետազոտություն

28.04.2010, 11:10
Հայկական ԶԼՄ-ները կտրուկ են հայ-թուրքական հարաբերությունների հարցում. հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Կովկասի ինստիտուտի փորձագետների կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ հայկական ԶԼՄ-ները բացարձակապես տարբեր դիրքորոշումներ են ներկայացնում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին:

Ինչպես երեքշաբթի ասել է հետազոտական խմբի ղեկավար Հրանտ Միքայելյանը, «Հայաստանն ու հայերը, Թուրքիան և թուրքերը հայկական ԶԼՄ-ներում» հետազոտությունն անցկացվել է 2009 թ.-ի դեկտեմբերին 30 հեռուստաալիքների շուրջ 200 ռեպորտաժների, ինտերնետային ԶԼՄ-ների, թերթերի հրապարակումների հիման վրա:

«Մեր դիտարկումների համաձայն՝ հայ-թուրքական գործընթացի համատեքստում կամ Հայաստանը ներկայացվում է որպես հաղթող, իսկ Թուրքիան՝ պարտվող կողմ, կամ հակառակը», - նշել է Միքայելյանը:

Նրա խոսքերով՝ հաճախ հանդիպում են «թուրքը թուրք է մնում», «թուրքերը կեղծավոր են և միշտ կխաբեն», «Թուրքիան ուժեղ և զարգացած երկիր է, իսկ Հայաստանը՝ թույլ» և նման արտահայտություններ:

«Հաճախ կարելի է հանդիպել հայերին՝ որպես զոհ-ժողովուրդ ներկայացնող կերպարին, ինչպես նաև «Հայաստան-հակաԹուրքիա, Թուրքիա-հակաՀայաստան» դիրքորոշմանը», - ընդգծել է նախագծի ղեկավարը:

Միքայելյանն ավելացրել է նաև, որ Հայաստանի իշխանությունները հաճախ ներկայացնում են որպես արտաքին խաղացող, այսինքն՝ սեփական ժողովուրդի շահերով չղեկավարվող, այլ արտաքին ուժերի, կամ սեփական շահերից բխող կողմ:

«Իսկ Թուրքիան, ընդհակառակը, հայկական ԶԼՄ-ների կողմից ներկայացվում է որպես ուժեղ պետություն, իսկ երկրի առաջնորդները՝ սեփական պետության շահերով ղեկավարվող կողմ», - ավելացրեց նա:-0-