Հայաստանը և Սփյուռքն այսօր ասում են աշխարհին՝ անհրաժեշտ է ճանաչել Ցեղասպանությունը. սփյուռքի նախարար

22.04.2010, 12:03
Հայաստանը և Սփյուռքն այսօր ասում են աշխարհին՝ անհրաժեշտ է ճանաչել Ցեղասպանությունը. սփյուռքի նախարար
Հայաստանը և Սփյուռքն այսօր ասում են աշխարհին՝ անհրաժեշտ է ճանաչել Ցեղասպանությունը. սփյուռքի նախարար

Հայաստանը և Սփյուռքն այսօր միացել են և ասում են աշխարհին՝ անհրաժեշտ է ճանաչել Ցեղասպանությունը, որպեսզի նմանը չկրկնվի, հայտարարել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ապրիլի 21-ին Երեւանի թիվ 62 դպրոցում կազմակերպվել էր հատուկ դաս` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 95-ամյակին:         «Եկեք հիշենք և հասկանանք, որ ցեղասպանություն տեսած սերունդը ապրեց եւ դրանով իր վրեժը լուծեց»,- 10-րդ դասարանցիների հետ իր զրույց-հատուկ դասին ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ըստ նախարարի, «հայի կամքն այնքան ուժեղ է, որ ոչ միայն վերապրեց, այլեւ ունեցավ իր ազատ, անկախ Հայաստանը, որով ամբողջ ազգն է հպարտ»: Հրանուշ Հակոբյանը ընդգծեց նաև, որ անցել է 95 տարի, սակայն կան երկրներ, այդ թվում և Թուրքիան, որ դեռևս չեն դատապարտել այդ հրեշագործությունը:

Նախարարի բնորոշմամբ, այսօր հայ-թուրքական հարաբերությունների կնճիռն այդքան դժվար է, որովհետեւ հայ ժողովուրդը չի կարող մոռանալ եւ լռել կատարվածի մասին: «76 տարի շարունակ Սփյուռքն է պայքարել իր իրավունքների համար: Խորհրդային Միության մաս կազմող Հայաստանը չէր կարող պայքարել, և միայն անկախացումից հետո մենք տեր կանգնեցինք Հայ դատին: Եվ ինչպես նշում է հանրապետության նախագահը, կա միասնական հայ ժողովուրդ և նա տեր է իր արդար դատին: Իրոք, Հայաստանը և Սփյուռքը այսօր միասնաբար աշխարհին ասում են. անհրաժեշտ է ճանաչել Ցեղասպանությունը, դատապարտել այն, որպեսզի նմանը երբեք ու երբեք չկրկնվի աշխարհում:

Դպրոցականների հետ զրույցում նախարարը նշեց, որ 2200 եկեղեցի է քանդվել, հազարավոր դպրոցներ, հարյուրավոր գյուղեր անվանափոխվել և թրքացվել են, անթիվ-անհամար գրքեր, ձեռագրեր են ոչնչացվել: «Եվ այսօր մենք պետք է խոսենք ոչ միայն մարդկային զոհերի մասին, այլ նաև այն ամենի, ինչ թողել ենք Արևմտյան Հայաստանում»,- ասաց նախարարը:

«Մենք չունենք նավթ, մենք չունենք գազ, մենք ունենք խելք և առաջին բանը, որ պետք է անի հայ երիտասարդը, պետք սովորի և խորը գիտելիք ձեռք բերի: Դուք այնքան խելացի պետք է դառնաք, որ ձեր գաղափարների կարիքը ունենա աշխարհը, հզորացնենք մեր սիրելի Հայրենիքը»,- ասաց նախարարը և ավելացրեց. «Մենք պետք է ողջ հայ ժողովրդի ուժերով կերտենք մեր Հայրենիքը, և յուրաքանչյուրս մեր տեղում պետք է ներդրում անենք մեր երկրում, հզորացնենք այն, որպեսզի մեր 1.5 միլիոն նահատակների ոգիները խաղաղվեն»:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-