ՀՀ խորհրդարանի խոսնակը մասնակցել է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացմանը

20.04.2010, 15:33
ՀՀ խորհրդարանի խոսնակը մասնակցել է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մասնակցել են Նկարիչների միությունում Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի  բացմանը։

«Այսօր մենք բացում ենք մի ցուցահանդես, որի մասին վաղուց ենք երազել։ Ներկայացված 600 աշխատանքներից մեզ դժվար էր ընտրել Հայաստանի և սփյուռքի   ժամանակակից հայ նկարիչների 250 գործեր»,- ասաց ՀՀ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։

Ըստ նրա՝ ժամանակակից նկարիչների աշխատանքների հետ մեկտեղ ներկայացված  են նաև հայտնի հայ նկարիչներ Էդվարդ Իսաբեկյանի, Գրիգոր Խանջյանի, Հենրի Սիրավյանի և այլոց 45 կտավներ:

«Այստեղ ցուցադրված լավագույն նկարները կգնվեն պետության կողմից՝ Ազգային պատկերասրահի ֆոնդերը համալրելու նպատակով»,- ընդգծեց Միության ղեկավարը։

Նա նաև ավելացրեց, որ ցուցահանդեսից հետո, որը կտևի մինչև մայիսի կեսը, կատալոգ կհրատարակվի։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0--