«Հիշատակի պուրակ»՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի մոտ

20.04.2010, 12:54
«Հիշատակի պուրակ»՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի մոտ
«Հիշատակի պուրակ»՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի մոտ

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի «Հիշատակի պուրակ» կբացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի մոտ, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի  (FPWC) հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Միջոցառումը կանցկացնի Հիմնադրամը՝ VivaCell-MTS բջջային օպերատորի աջակցությամբ։

«Պուրակում կտնկվի Արևմտյան Հայաստանից բերված ծառերի 95 տնկի»,- ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ դա կխորհրդանշի պատմական հայրենիքի հիշողությունը։

Ծառատունկին կմասնակցեն VivaCell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, կառավարության և Հայաստանում տարբեր պետությունների դեսպանությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր։

Մասնակիցներից յուրաքանչյուրն իր անվանական ծառին կփակցնի ժապավեն՝ «Ես հիշում եմ» գրությամբ։

Ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքերով, Երևանի կանաչ հատվածների կեսը ներկայացնող Ծիծեռնակաբերդին ավելի մեծ ուշադրություն պետք է դարձվի բնապահպանական տեսակետից։

Նրա խոսքերով, VivaCell-MTS-ը և FPWC-ը կայուն և շարունակական համագործակցություն են սկսում Ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի հետ՝ Թանգարանի բնապահպանական ծրագրերի աջակցության նպատակով։

Այս տարի Ծիծեռնակաբերդի տարածքում կտեղադրվեն աղբարկղեր, արդեն գործիքներ են ձեռք բերվել հուշահամալիրի կանաչ գոտու խնամքի համար։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-