Հայկական խորհրդարանի խոսնակը 2010 թվականի երկրորդ կեսին, հնարավոր է, Հունաստան այցելի, տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Այցի հնարավորությունը ապրիլի 15-ին քննարկել են Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանն ու Հունաստանի խորհրդարանի խոսնակ Ֆիլիպոս Պեցալնիկոսը:
Կողմերը քննարկել են հայ-հունական համագործակցության հետագա ամրապնդմանն առնչվող հարցեր՝ նշելով, որ միջկառավարական կապերի խորացմանը կնպաստի Հովիկ Աբրահամյանի այցն այնպես, ինչպես հունական խորհրդարանում ստեղծված հայ-հունական բարեկամության խումբը։
Խոսնակն ու դեսպանը նշել են, որ երկու բարեկամ երկրներն այսօր հնարավորություն ունեն արդեն իսկ հաստատված արդյունավետ համագործակցությունը խորացնել տնտեսության, առևտրի, մշակութային կապերի, հայ և հույն հասարակությունների շփումների ակտիվացման և այլ ոլորտներում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին:
Հանդիպման ավարտին Ղալաչյանը, շնորհակալություն հայտնելով Հունաստանի խորհրդարանի նախագահին ջերմ ընդունելության և երկկողմ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար, նշել է, որ Հունաստանի խորհրդարանի պատերի ներսում 14 տարի առաջ` ապրիլյան հենց այս օրերին, միաձայն ընդունվել է Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության ճանաչման և հիշատակի օրվա սահմանման մասին բանաձևը։
Նա ավելացրել է, որ այս տարի ևս հայերն ու հույները միասին մասնակցելու են Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված հիշատակի և ոգեկոչման միջոցառումներին:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-