Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կոմունիզմի դասերն Եկեղեցիներին» գիտաժողովի մասնակիցներին

14.04.2010, 20:00
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կոմունիզմի դասերն Եկեղեցիներին» գիտաժողովի մասնակիցներին

Ապրիլի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, իր աշխատանքները շարունակող «Կոմունիզմի դասերն Եկեղեցիներին» միջազգային գիտաժողովի մասնակիցներին ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հանդիպմանը Հայոց Հայրապետը ներկայացրեց Մայր Աթոռի և առհասարակ Հայ Եկեղեցու դերն ու նշանակությունն աշխարհասփյուռ հայության կյանքում, ինչպես նաև Նորին Սրբությունն անդրադարձավ Եկեղեցու հանդեպ խորհրդային իշխանությունների դրսևորած ժխտական վերաբերմունքին և բացասական ազդեցությանը հոգևոր կյանքի վրա, ինչպես նաև այդ շրջանում Եկեղեցու առջև ծառացած դժվարություններին:

«Այդ ժխտական կեցվածքի պայմաններում նույնիսկ մենք կարողանում էինք գոնե նվազագույն գոյապահպանություն ապահովել Եկեղեցու համար շնորհիվ լուսահոգի Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ով կարողացել էր տեղի պետական և կուսակցական առաջնորդների հետ իր հարաբերությունների շնորհիվ մեղմացնել Եկեղեցու վրա դրված որոշ սահմանափակումներ», - ասաց Վեհափառ Հայրապետը։

Կաթողիկոսը հավելելեց, որ Եկեղեցին դեռ շատ անելիքներ ունի` կոմունիստական իշխանությունների ժամանակաշրջանին գործված հոգևոր ավերները վերացնելու ուղղությամբ:-0-