Հայաստանում կբացվի ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոն` առաջինը ԱՊՀ տարածքում

14.04.2010, 18:12
Հայաստանում կբացվի ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոն` առաջինը ԱՊՀ տարածքում
Հայաստանում կբացվի ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոն` առաջինը ԱՊՀ տարածքում

Հայաստանում կբացվի ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոն` առաջինը ԱՊՀ-ի տարածքում, հաղորդում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Ապրիլի 15-17-ը Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Հայաստանում ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնի» հիմնադիր համաժողովը:

Համաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՌԴ ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալության («Ռոսսոտրուդնիչեստվո») միջև կստորագրվի «Հայաստանում ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոն (ԻՀՌՀԿ)» բացելու մասին հուշագիր:

ԻՀՌՀԿ գործունեության հիմնական նպատակը երկու երկրների տնտեսական համագործակցության ինտեգրացիոն գործընթացների օժանդակումն է` ինովացիոն բաղադրիչի ամրապնդման և ընդլայման միջոցով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՌԴ ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալությունը («Ռոսսոտրուդնիչեստվո») համաձայնել են համագործակցություն իրականացնել հետևյալ ուղղություններով` Համագործակցություն միջպետական ինովացիոն համակարգի ձևավորման ոլորտում, ինչպես նաև ԱՊՀ միջպետական ինովացիոն տարածքի ձևավորման գործում:

Համաժողովի ընթացքում կներկայացվի տիեզերային կապի կառույցի «Յամալ-12Կ» շնորհանդեսը, որը հնարավորություն կտա ուսանել ինովացիոն ծրագրերը հեռակառավարման միջոցով. դա կկիրառվի առաջին անգամ ԱՊՀ-ի տարածքում:

Միջոցառմանը կմասնակցեն էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ ԱՊՀ երկրներում, ՌԴ ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալության («Ռոսսոտրուդնիչեստվո») ղեկավար Ֆարիդ Մուխամետշինը, ՀՀ ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Վ. Կովալենկոն, ՀՀ ՌԴ դեսպանության խորհրդական, ՌԴ ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալության («Ռոսսոտրուդնիչեստվո») ՀՀ ներկայացուցչության ղեկավար Վ. Կրիվոպուսկովը և օտարերկրյա այլ բարձրաստիճան հյուրեր: -0-