Կառավարության գործունեությունը միայն ժողովուրդը կարող է գնահատել, Լոռու մարզ կատարած այցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Կարծում եմ, որ սխալ կլիներ իմ կողմից գնահատական տալ Հայաստանի կառավարությանը, քանի որ այդ գնահատականը ժողովուրդն է տալիս»,- երեքշաբթի լրագրողներին ասաց նա։
Ըստ Սարգսյանի՝ այսօրվա խորհրդակցության ժամանակ հայ ձեռներեցները իրենց գոհունակությունը հայտնեցին 2010թ-ի առաջին եռամսյակի արդյունքներից և այն բավականին հուսադրող համարեցին։
«Իմ կարծիքով՝ եթե տարվա ընթացքում մեզ հաջողվի պահպանել առաջին եռամսյակի տեմպերը, ապա արդեն այս տարի մենք հնարավորություն կունենանք գնահատելու Հայաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրերի արդյունավետությունը»,- ասաց վարչապետը։
Հայաստանի Լոռու մարզ կատարած այսօրվա այցի ժամանակ վարչապետը խորհրդակցություն է անցկացրել հայ ձեռներեցների և «Էյ-Սի-Փի» ընկերության տնօրինության հետ։
Ինչպես տեղեկացրեց կառավարության ղեկավարը, Հայաստանի Գործարարների միության հետ հանդիպման ժամանակ քննարկվել է երկրի տնտեսական իրավիճակն ու ձեռնարկատիրության ոլորտում տիրող մթնոլորտը։
Ըստ վարչապետի՝ հայ գործարարները 2009թ.-ի արդյունքների իրենց գնահատականները ներկայացրեցին, նշեցին հիմնական խնդիրները, որոնք կցանկանկանային տեսնել կառավարության ուշադրության կենտրոնում, և խնդիրները, որոնք դնում են իշխանության գործադիր օրգանի առջև։
«Այդ գնահատականները շատ կարևոր են մեզ համար, և նման փակ քննարկումները հնարավորություն են տալիս անկեղծորեն մտքեր փոխանակել։ Ձեռներեցներն իրենց կաշկանդված չեն զգում և չեն զգուշանում, որ կառավարության հասցեին արված քնադատությունն իրենց համար բացասական հետևանքներ կունենա»,- նշեց Սարգսյանը։
Վարչապետն ավելացրեց, որ Հայաստանի կառավարության համար ծայրահեղ կարևոր է վերհանել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը։ -0-