Սանահինի վանական համալիրի վերականգնման ծրագիր կմշակվի. վարչապետ

Սանահինի X դարի վանական համալիրի վերականգնման համալիր ծրագիրը կմշակվի, ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Լոռու մարզ կատարած այցի ընթացքում:
«Արդեն ստեղծվել է համապատասխան միջգերատեսչական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ», - ասաց Սարգսյանը լրագրողներին:
Սանահինի վանական համալիրը հիմնադրվել է 10-րդ դարում։ 2000 թվականին այն Գեղարդ և Հաղպատ վանական համալիրների, Էջմիածնի եկեղեցական համալիրի (Մայր Տաճար, Սուրբ Գայանե, Հռիփսիմե, Շողակաթ և Զվարթնոց եկեղեցիներ) հետ միասին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։
Սարգսյանի խոսքերով՝ հանձնաժողովի կազմում կընդգրկվեն նաև օտարերկրյա փորձագետներ:
Նա տեղեկացրեց, որ Սանահինի վանական համալիրի վերականգնման ժամանակ կօգտագործվեն պատմամշակութային հուշարձանների վերականգնման ժամանակակից տեխնոլոգիաներ և մեթոդներ:
«Այս հարցի առնչությամբ արդեն համագործակցություն է հաստատվել Իտալիայի, Գերմանիայի հետ, իսկ վերջերս Հայաստան այցելեցին մի խումբ օտարերկրյա մասնագետներ՝ իրենց սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս ավելի հստակ սահմանել Սանահինի համալիրի վիճակը», - ասաց Սարգսյանը:
ՀՀ կառավարության ղեկավարը նշեց, որ միջգերատեսչական հանձնաժողովը պետք է սահմանի Սանահինի վանական համալիրի վերականգնման մեթոդը: Ի դեպ, համալիրի պատերից մեկը վթարային վիճակում է:
«Անհրաժեշտ է պարզել, թե, արդյո՞ք, պատը ենթակա է ապամոտաժման և հետագա վերականգնման, թե՞ հնարավոր է ամրացնել պատը՝ օգտագործելով ժամանակակից սարքավորումներ», - ասաց ՀՀ վարչապետը:
Միաժամանակ Սարգսյանը նշեց, որ լուծված չէ նաև Սանահինի իրավական կարգավիճակի հարցը: Նա հիշեցրեց, որ կառավարությունն արդեն որոշում է ընդունել փոխանցել Սանահինը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, սակայն անհրաժեշտ իրավական ընթացակարգերը դեռ ավարտված չեն:
Վարչապետը հույս հայտենց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ջանքերի շնորհիվ համալիրի վերականգնման միջոցներ կգտնվեն:
Մասնագետների գնահատականներով՝ Սանահինի վանական համալիրի վերականգնման աշխատանքների համար անհրաժեշտ է 200 միլիոն դրամ (շուրջ 503,6 հազար ԱՄՆ դոլար):-0-