Տասնութ տարի առաջ Մարագայում հայերի ջարդը էթնիկ զտումների ադրբեջանական քաղաքականության հերթական էջն է

10.04.2010, 15:53
Տասնութ տարի առաջ Մարագայում հայերի ջարդը էթնիկ զտումների ադրբեջանական քաղաքականության հերթական էջն է

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 10-ին լրանում է Մարագայի ողբերգության 18-րդ տարելիցը: Մարագայի իրադարձությունները Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հայերի ցեղասպանության և էթնիկ զտումների՝ ադբրեջանական իշխանությունների հետևողական քաղաքականության օղակներից մեկն է:  

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում էր մի շարք անմարդկային դաժանություններով և հանցագործություններով, սակայն այդ սև ֆոնին առավելապես ընդգծվում է Մարագայի ողբերգությունը:

Մարագան Լեռնային Ղարաբաղի խոշորագույն բնակավայրերից մեկն էր, որն ամբողջովին ավերվել է Ադրբեջանի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից, ովքեր 1992 թ.-ի ապրիլի 10-ին ներխուժել էին Մարագա: Խաղաղ բնակչությունը դաժանաբար սպանվել կամ գերի էր վերցվել:

Ադրբեջանական հանցավոր խմբերը թալանել, այրել են բոլոր տները՝ հաճախ տերերի հետ միասին: Բնակավայրի բնակիչները սպանվել են ամենավայրենի ձևով: Տարբեր տվյալների համաձայն՝ սպանվել է 80-100 հայ, որոնցից 30 կանայք են: Շատերը զոհվել են՝ փորձելով փախուստի դիմել: Ավելի քան 40 մարդ վիրավորվել է,  ևս 63-ը գերեվարվել է: Վերջիններիս թվում 9 երեխա է եղել: Գյուղի բազմաթիվ բնակիչներ սպանվել են հենց ծնողների, երեխաների և հարազատների աչքի առաջ: Մարագայի գերեվարված բնակիչներից 7-ը վերադարձել են, 17-ը՝ փոխանակվել, մեկին գնել են, սակայն նրան հաջողվել է փախչել գերությունից, տեղեկատվություն է ստացվել ութ մարդկանց մահվան մասին, ևս 29 մարդու ճակատագիր մինչ օրս հայտնի չէ:

Մարագայում Հայոց ցեղասպանության ողբերգական հետևանքներն անդրադարձել են գյուղի բացառապես բոլոր ընտանիքներին, որոնցից շատերը ամբողջ կազմով սպանվել կամ գերեվարվել են:

Մարագայի բնակիչները փորձել են զինված դիմակայություն կազմակերպել, սակայն նրանց ուժերը չափազանց քիչ էին՝ զինված հանցավոր խմբերին դիմակայելու համար: Ղարաբաղի պաշտպանության բանակի ուժերը օգնության են շտապել, սակայն, ցավոք, արդեն շատ ուշ է եղել:

«Մեր տեսածը նկարագրության ենթակա չէ: Գյուղն ամբողջովին ավերվել էր: Մարդիկ հողին էին հանձնում սպանվածներին, ավելի ճիշտ՝ այն, ինչ հնարավոր էր հողին հանձնել՝ կենդանի այրված, մասնատված և սղոցված դիակների մասնիկներ: Մեր կողմից նկարահանված այս ողբերգության լուսանկարները վկայում են սարսափելի ջարդի մասին», - հիշում է բարոնուհի Քերոլայն Քոքսը:

«Դա նման էր Գողգոթային... շատ տարիներ անց», - գրում է Քոքսը:

Ականատեսների վկայություններն անհնար է սառնասրտորեն ընթերցել, նրանք պարունակում են այնպիսի դաժան նկարագրություններ, սահմռկեցուցիչ մանրամասներ, որոնք գտնվում են մարդկային պատկերացումից և տրամաբանությունից դուրս: Միաժամանակ այս ամենը շատ ծանոթ է դեռ 19 դարի վերջից - 20 դարի սկզբից: Ողջ դարաշրջանի ընթացքում թուրք-ադրբեջանական ձեռագիրքն այդպես էլ չի փոխվել:

«Գուրուտլուշ» ռազմական ստորաբաժանման հրամանատար Շահին Թալիբ օղլի Թագիևը Մարագայում իրականացրած ցեղասպանության համար արժանացել է «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչման: Եվս ծանոթ ձեռագիր է:

Չնայած տեղի ունեցածի ողջ սարսափին՝ Մարագայի իրադարձությունները գրեթե չեն լուսաբանվել մամուլում: Միջազգային հանրությունը գնահատակ չի տվել Մարագայում իրականացված ցեղասպանությանը, իսկ ադրբեջանցիները, ըստ ավանդույթի, շարունակում են անպատիժ կեղծել իրադարձությունները՝ ներկայանալով զոհի դերում:

Մարագայի իրադարձություններն ամբողջովին կարող են ստանալ Ցեղասպանություն սահմանումը, որն ամրագրված է 1948 թ.-ի դեկտեմբերի 9-ին հաստատված Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և դա պատժելու  մասին կոնվենցիայում:-0-