Շուրջ 20 կուսակցություններ և կազմակերպություններ ցավակցություն են հայտնել Հայաստանում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցներին

Շուրջ 20 կուսակցություններ և կազմակերպություններ, ինչպես նաև պարզապես մայրաքաղաքի բնակիչներ ցավակցություն են հայտնել Հայաստանում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցներին՝ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
«Ողջ օրվա ընթացքում մարդիկ գալիս էին դեսպանություն, ծաղիկներ բերում՝ ի նշան աջակցության և ցավակցության զոհվածների ընտանիքներին, նաև որպես դատապարտում՝ անմարդկային ահաբեկչությանը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց ռուսական դեսպանատան մամուլի քարտուղար Եվգենիա Չեչելյանը։
Նրա խոսքերով՝ արդեն երեկվանից դեսպանություն էին գալիս Երևանի հասարակ բնակիչներ և կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և շարժումների ներկայացուցիչներ՝ ցավակցություն հայտնելու ահաբեկության բազմաթիվ զոհերի առնչությամբ։
«Հասարակական կազմակերպությունները միաձայն հայտարարում էին, որ այդ օրը Հայաստանը Ռուսաստանի կողքին է, հայ ժողովուրդը սգում է ռուսների հետ միասին»,- ասաց Չեչելյանը՝ հավելելով, որ մարդիկ ծաղիկներ էին դնում դեսպանության շենքի պատերի մոտ և մոմեր վառում։
Մամուլի քարտուղարը հայտնեց նաև, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանություն են այցելել, մասնավորապես, Հայաստանի Հանրապետական կուսակցության, Հայաստանի Կոմունիստական կուսակցության, Խորհրդային սպաների միության, «Հայ արծիվներ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողները և դասախոսական կազմը, «Միասին» շարժման մասնակիցները, Մոսկվայի Տան աշխատակիցները, ինչպես նաև «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի ու Ռուսաստանի ժամանակակից հումանիտար ակադեմիայի մասնաճյուղի ներկայացուցիչները։
Մարտի 29-ին Մոսկվայի մետրոպոլիտենի «Լուբյանկա» և «Պարկ կուլտուրի» կայարաններում պիկ-ժամին տեղի է ունեցել երկու պայթյուն՝ 40 րոպե տարբերությամբ։ Վերջին տվյալների համաձայն՝ մահացել է 39, վիրավորվել 70 մարդ: Հարուցվել է քրեական գործ՝ «ահաբեկչություն» հոդվածով։ -0-