Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի շքերթին կմասնակցի տասը հայ վետերան

30.03.2010, 16:28
Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի շքերթին կմասնակցի տասը հայ վետերան

Մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի շքերթին տասը հայ վետերանների՝ պատշաճ մակարդակով մասնակցության հետ կապված հարցեր են քննարկվել 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները կազմակերպող պետական հանձնաժողովի նիստում։

Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Այսօրվա մեր հավաքի նպատակն է քննարկել ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև կենտրոնանալ մայիսյան մեր անելիքներին»,- ասել է Սարգսյանը։

Կառավարության ղեկավարը հանձնարարականներ է տվել պետական գերատեսչությունների ղեկավարներին առաջիկա տոնակատարությունները տոնին հարիր հանդիսավորությամբ կազմակերպելու համար: Նշվել է, որ տոնական միջոցառումներ կազմակերպվելու են հանրապետության բոլոր մարզկենտրոններում և քաղաքներում:

Վարչապետը նշել է, որ վերջին ժամանակահատվածում արդեն բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել, որոշումներ և օրենքի նախագծեր են ընդունվել՝ կապված Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և Հաղթանակի 65-ամյակի հետ։ «Կարող ենք  ասել, որ գործընթացը բավականին թափով առաջ է գնում»,- նշել է նա:

Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայրենական  մեծ պատերազմի մասնակիցների՝ խորհրդային խնայբանկում սառեցված ավանդների փոխհատուցումների վերաբերյալ օրինագիծը կընդունվի խորհրդարանի կողմից արագացված կարգով։

Նա նշել է նաև, որ կառավարությունը որոշում է ընդունել, որ անվճար հնարավորություն տրվի հայ վետերաններին Հայաստանի Հանրապետությունում իրենց հանգիստն անցկացնել հանգստյան տներում և առողջարաններում:

Իր հերթին նիստում հանդես եկած կառավարության աշխատակազմի սոցիալական կառավարման պետ Արամ Կարապետյանը վարչապտին զեկուցել է նախորդ նիստում արված կարգադրությունների կատարման ընթացքի մասին, ինչպես նաև հայտնել է, որ այսօր Հայաստանի Ազգային արխիվում ցուցահանդեսի բացումով մերկնարկ է տրվել Մեծ Հաղթանակին նվիրված միջոցառումներին։ -0-