«Կարոտ» միջազգային փառատոնն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում և Արցախում

29.03.2010, 16:42
«Կարոտ» միջազգային փառատոնն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում և Արցախում

«Կարոտ» հայկական միջազգային երրորդ փառատոնն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում և Արցախում 2010 թվականի սեպտեմբերի 2-7-ը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց փառատոնի տնօրեն Մեցո Իգիթյանը։

««Կարոտ» փառատոնը կբացվի Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում սեպտեմբերի 2-ին։ Փառատոնն անցկացվում էր Մոսկվայում, բայց մենք որոշում ընդունեցինք երրորդ «Կարոտն» անցկացնել Հայաստանում և Արցախում»,- ասաց Իգիթյանը։

Փառատոնի տնօրենը նշեց, որ «Կարոտի» բացումը նվիրված է Արցախի անկախության օրվան, իսկ փառատոնին կմասնակցեն բազմաթիվ օտարեկրյա հյուրեր։

Իգիթյանը հայտնեց, որ ավելի վաղ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում մշակույթի ոլորտի ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։

Հայկական միջազգային երկրորդ «Կարոտ» փառատոնն անցկացվեց Մոսկվայում 2009թ.-ի նոյեմբերի 23-27-ը: Փառատոնի շրջանակներում անցկացվեց Նիկոլայ և Ալեքսեյ Ագեևների «XX  դարի կուռքերը. Հայաստանի լեգենդները» լուսանկարների ցուցահանդեսը, կազմակերպվեց հանդիպում-երեկո ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հետ և տեղի ունեցավ նրա «Պատռված ժամանակ» գրքի շնորհանդեսը: Փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ նաև Բելառուսի հայկական համայնքի «Կարոտ-Միասին» փառատոնի հաղթողների գալա-համերգը, Աշուղ Ջիվանու ստեղծագործական երեկոն և նրա անհայտ ստեղծագործությունների հավաքածուի շնորհանդեսը: Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանի Փառքի սրահում հանդիսավոր կերպով բացվեց ԽՍՀՄ նավատորմի ծովակալ, ԽՍՀՄ հերոս Իվան Իսակովի (Հովհաննես Իսահակյան) կիսանդրին:

Հայկական մշակութային առաջին  «Կարոտ» փառատոնը տեղի է ունեցել Մոսկվայում 2008թ. մայիսին: Փառատոնի շրջանակներում տեղի են ունեցել մեկ տասնյակից ավելի միջոցառումներ:

«Կարոտ» փառատոնի կազմակերպիչն է Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամը: -0—