Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանները Ադրբեջանին վերադարձնելը հնարավոր է միայն նրա ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքի իրական հնարավորություններ ստանալուց հետո. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանները Ադրբեջանին վերադարձնելը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ նրա ժողովուրդը ինքնորոշման իրավունքի իրական հնարավորություններ ստանա, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցում:
«Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե՝ պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը: Ես բազմիցս հայտարարել եմ այդ մասին»,- «Նովոստի-Արմենիա» գործակալության համար նախագահ Սարգսյանի մամուլի ծառայությունից մեջբերցին երկրի ղեկավարի խոսքերը:
Ընդգծելով, որ «փոխզիջում» հասկացության մեջ առանցքային գաղափարը փոխադարձությունն է, նախագահն ասաց, որ պետք է գիտակցել, որ նման իրավիճակներում միակողմանի զիջումները միայն խորացնում են առկա վտանգներն ու սպառնալիքները:
Խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին՝ Սարգսյանն ասաց, որ որևէ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է լուծում փնտրել դրանց դրդապատճառների և ոչ թե հետևանքների տիրույթում:
«Այլապես դա նույնն է, ինչ հիվանդությունը բուժելու փոխարեն փորձել վերացնել դրա դրսևորումները»,- ասաց նա:
Հայկական պետության ղեկավարը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տասնամյակների անարդարությունն ու ճնշումները փորձեց հանգուցալուծել իրավական ճանապարհով` ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի շրջանակներում:
«Դրան հակադրվեց բռնի ուժ, այդ ժողովրդին բնաջնջելու փորձ: Սկսվեց տարիներ տևած, ծրագրված ռազմական գործողություն Արցախի դեմ. օրական հարյուրավոր ռումբեր էին նետվում Ստեփանակերտի վրա: Դրան ի պատասխան` Արցախի ժողովուրդը կարողացավ համախմբվել և պաշտպանել իր հայրենիքը, սրբավայրերը, կանանց, երեխաներին և ծերերին: Անվտանգությունն ամրապնդելու համար Ղարաբաղի շուրջ ձևավորվեց անվտանգության գոտի: Այդպես հաճախ է լինում պատերազմների ժամանակ, բայց պատերազմը մեր նախընտրությունը չէր»,- ասաց Սարգսյանը:
Նրա խոսքերով՝ ի հակառակ Ադրբեջանի պնդումներին` այդ գոտին հայերի կողմից ոչ բնակեցվում և ոչ էլ շահագործվում է:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-