Թուրքիան, խոսելով հայերի բռնահանումների մասին, շարունակում է առաջնորդվել Օսմանյան կայսրության արժեքային համակարգով

22.03.2010, 14:54
Թուրքիան, խոսելով հայերի բռնահանումների մասին, շարունակում է առաջնորդվել Օսմանյան կայսրության արժեքային համակարգով
Թուրքիան, խոսելով հայերի բռնահանումների մասին, շարունակում է առաջնորդվել Օսմանյան կայսրության արժեքային համակարգով

Թուրքիան, խոսելով հայերի բռնահանումների մասին, շարունակում է առաջնորդվել Օսմանյան կայսրության արժեքային համակարգով, ասել է ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Կիրակոսյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 

«Ցավում եմ, որ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայերի ցեղասպանության 95-րդ տարելիցի նախաշեմին ժամանակակից Թուրքիայի Հանրապետության իշխանությունները, խոսելով հայերի բռնահանումների մասին, շարունակում են առաջնորդվել ոչ թե եվրոպական, այլ Օսմանյան կայսրության արժեքային համակարգով», - ասել է Կիրակոսյանը՝ մեկնաբանելով հայտարարությունն այն մասին, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը սպառնացել է Թուրքիայից հայերին բռնի տեղահանել` իբրև թե միջազգային հանրության ուշադրությունը Թուրքիայում գտնվող ապօրինի հայ միգրանտների վրա հրավիրելու համար:

«Խոսելով իբրև թե ծանր դրության մեջ հայտնված ու Թուրքիա եկած հայերի մասին` պարոն Էրդողանը մոռանում է աշխարհի տարբեր երկրներ իրենց հանապազօրյա հացը վաստակելու նպատակով մեկնած միլիոնավոր թուրք միգրանտների առկայության մասին», - հայտարարել է Կիրակոսյանը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում սպառնացել է արտաքսել Թուրքիայի տարածքում անօրինական բնակվող բոլոր հայերին։ Ըստ նրա, ներկայում Թուրքիայում բնակվում է շուրջ 170 հազար մարդ, որոնցից միայն 70 հազարն են Թուրքիայի քաղաքացիներ։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ --0—