Թուրքիան միջնադարյան ինկվիզիցիայի իր պատկերացումներով չի կարող հավակնել ԵՄ անդամակցությանը, ուրբաթ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երկրից բոլոր հայերին արտաքսելու վերաբերյալ հայտարարությունը։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում սպառնացել է արտաքսել Թուրքիայի տարածքում անօրինական բնակվող բոլոր հայերին։ Ըստ նրա, ներկայում Թուրքիայում բնակվում է շուրջ 170 հազար մարդ, որոնցից միայն 70 հազարն են Թուրքիայի քաղաքացիներ։
«ԵՄ անդամ դառնալու մտադրություն ունեցող երկիրն, ունենալով նմանատիպ քաղաքական վերնախավ, չի կարող հավակնել այդ կազմակերպության անդամակցությանը միջին դարերի ինկվիզիցիայի իր պատկերացումներով և աշխատաոճով»,- ասաց Զոհրաբյանը։
Իր հերթին «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ Թուրքիան, ձգտելով անդամակցել ԵՄ-ին և եվրոպական արժեքներին, պետք է հարգի իր երկրի ազգային փոքրամասնություններին և ոչ թե հանդես գա ռազմատենչ հայտարարություններով։
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևը, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին՝ջանքեր գործադրել մարդու իրավունքներին և ազատություններին, էթնիկ զտումների և Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերին արժանի լուծում տալու համար: Մարտի 11-ին Հայոց ցեղասպանության փաստը ընդունել է նաև Շվեդիայի խորհրդարանը:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-