Հայկական լսարանը ողջ հետխորհրդային տարածքում հումորին ամենասուր արձագանքողներից է եղել. Խազանով

17.03.2010, 19:34
Հայկական լսարանը ողջ հետխորհրդային տարածքում հումորին ամենասուր արձագանքողներից է եղել. Խազանով
Հայկական լսարանը ողջ հետխորհրդային տարածքում հումորին ամենասուր արձագանքողներից է եղել. Խազանով

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական լսարանը ողջ հետխորհրդային տարածքում հումորին ամենասուր արձագանքողներից է եղել, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՌԴ ժողովրդական արտիստ, Մոսկվայի Էստրադայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գենադի Խազանովը:  

«Ինձ համար Հայաստանն այն վայրն է, որն իմ առջև բացել է իմ հետագա բեմական կյանքի դուռը»,- ասաց Խազանովը:

Այս առնչությամբ նա հիշեց «Գրական թերթի» «12 աթոռ» ակումբի համերգը Երևանի Ֆիլհարմոնիայի դահլիճում 1972 թ.-ին, երբ լինելով 23 տարեկան դեռևս բոլորին անհայտ մի արտիստ՝ ինքն առաջին անգամ կանգնեց հայկական լսարանի առաջ:

Խազանովի խոսքերով՝ անգամ հիմա, ունենալով 45-ամյա բեմական փորձ՝ ինքն ապշած է հայկական ինտելիգենտ լսարանի կենտրոնացվածությամբ, «որը հիանալի տիրապետում է ռուսերենին և հասկանում ոչ միայն բեմից հնչող հումորը, այլև տողատակում՝ համատեքստում հնչող հումորը»:

«Կյանքից պահանջներ ես չունեմ: Ես նեղացած չեմ ջերմության, ուշադրության, սիրո առումով, ես երբեք կիսատ-պռատության զգացողություն չեմ ունեցել, բայց հայկական հողում դա միշտ առանձնահատուկ է դրսևորվել»,- ասաց Խազանովը: 

Խազանովը բազմամյա ընդմիջումից հետո հանդես կգա Հայաստանում: «Ես հիշում եմ» մոնոներկայացումը հանրաճանաչ արտիստ Գենադի Խազանովի կատարմամբ կբացի մոնոներկայացումների «Արմմոնո» ութերորդ միջազգային թատերական փառատոնը, որը տեղի կունենա Երևանում մարտի 17-24-ը: -0-