Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել Մանուկ Վարդանյանին ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարի պաշտոնում նշանակելու վերաբերյալ: Այլ հրամանագրով նախագահը Արմեն Երիցյանին նշանակել է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Օրինաց երկիր» կուսակցությունից երկու նախարարներ՝ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը և արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը երկուշաբթի հրաժարական են ներկայացրել և ազատվել իրենց զբաղեցրած պաշտոններից ՀՀ նախագահի հրամանագրերով։
Արմեն Երիցյանը ծնվել է 1960թ. դեկտեմբերի 25-ին Երևան քաղաքում:
Ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոցը, Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան և ՌԴ նախագահին առընթեր Կառավարման ակադեմիայի դոկտորանտուրան։ Իրավաբան-իրավագետ։ Իրավաբանական գիտությունների դոկտոր։
Իր կարիերան սկսել է պարեկային-պահակային ծառայության ոստիկանի պաշտոնից։ Եղել է Հայաստանի ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ, նույն վարչության պետ, իսկ մինչև իր նշանակումը զբաղեցրել է Հայաստանի Ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնը գեներալ-մայորի կոչումով։
Պարգևատրվել է «Անթերի ծառայության» մեդալով, 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի Արիության մեդալով։
Մանուկ Վարդանյանը ծնվել է 1961 թվականի մարտին 16-ին Գյումրիում։ Ավարտել է Մոսկվայի Հողաշինարարական ինստիտուտը, Գյուղատնտեսության ղեկավար կադրերի և մասնագետների որակավորման բարձրացման հեռակա տնտեսական ֆակուլտետը։ 1995-1999 թվականներին ընտրվել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր։
Աշխատել է Հայաստանի քաղաքաշինության նախարարության վարչության պետի պաշտոնում, կադաստրի վարչության պետի պաշտոնում, իսկ 1999-2009 թվականներին զբաղեցրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնը։ Տեխնիկական գիտությունների թեկնածու է։
«Օրինաց երկիր» կուսակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ընդգրկված է երկրի իշխող կոալիցիայում, որը ձևավորվել է 2008 թվականի նախագահական ընտրություններից հյետո։ Ներկայիս կառավարությունում «Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացված է նախարարական երեք պորտֆելով։ -0-