Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջնական պայմանավորվածություններն անհնար են առանց Ղարաբաղի մասնակցության. Կապինոս

15.03.2010, 17:21
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջնական պայմանավորվածություններն անհնար են առանց Ղարաբաղի մասնակցության. Կապինոս

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջնական պայմանավորվածություններն անհնար են առանց Ղարաբաղի մասնակցության, երկուշաբթի լրագրողներին ասաց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը։ Միաժամանակ նա նշեց, որ դա իր անձնական կարծիքն է։

«Ինչպե՞ս կարելի է Ղարաբաղի փոխարեն որոշում ընդունել։ Այսինքն, այսպես թե այնպես, որոշակի փուլում, ես կարծում եմ, ձևաչափը կարող է վերանայվել»,- հայտարարեց Կապինոսը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահի հայտարարությունն այն մասին, որ «Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին աննպատակահարմար է, քանի որ հենց Հայաստանի նախագահը ծնունդով Ղարաբաղից է»։

Միաժամանակ Կապինոսը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ տարածաշրջան այցելելու ժամանակ իրենք անպայման այցելում են Լեռնային Ղարաբաղ, զրուցում են և Լեռնային Ղարաբաղի կարծիքն անպայման նկատի են առնում։

Նա նշեց նաև, որ Խորհրդարանական վեհաժողովը ԵԱՀԿ այն մարմինը չէ, որը զբաղվում է ղարաբաղյան կարգավորմամբ։ Կապինոսն ընդգծեց, որ այն ամենն, ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի իրավասության ներքո է, և այս կապակցությամբ մեկնաբանություններ կարող են տալ միայն տվյալ անձինք։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-