Հայ Առաքելական Եկեղեցին չորեքշաբթի՝ փետրվարի 10-ին, նշում է Մեծ Պահքի Միջինքը։
Ինչպես նշում է Արարատյան Հայրապետական Թեմի պաշտոնական կայքը, Միջինքը երկու մասի է բաժանում Մեծ Պահքը։ Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Դ (չորրորդ) չորեքշաբթի կամ Մեծ պասի 24-րդ օրը: Միջինքից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:
Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ժողովրդական ավանդույթի համաձայն, ում բաժին ընկնի այդ դրամը, այդ տարի հաջողություն կունենա:
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ, թեև հնագույն կանոններով Մեծ Պահքի ժամանակահատվածում արգելված են եղել պսակադրություններն ու մատաղը (ողորմության բաժանումը մսի տեսքով), սակայն Վազգեն Ա Կաթողիկոսի որոշումով թույլ է տրվել պսակադրության խորհուրդ կատարել շաբաթ և կիրակի օրերին, բացառությամբ Ավագ Շաբաթի։ -0-