Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող սահմանն անօրինական է. հայ պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող սահմանն անօրինական է, կարծում է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
«Բոլորը գիտեն, որ Թուրքիայի հետ գոյություն ունեցող խորհրդային սահմանն անօրինական է: Այդ մասին գիտի նաև Թուրքիայի դիվանագիտական կորպուսը», - երեքշաբթի լրագրողներին հայտնեց Ալավերդյանը:
Այս կապակցությամբ նա նշեց, որ Հայաստանի ապաշրջափակմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված հայ-թուրքական արձանագրությունների տեքստի մեջ գոյություն ունեցող անօրինական սահմանների ճանաչման մասին դրույթի ներառումն իր մեջ նվաստացման տարր է պարունակում:
Միաժամանակ նա հայտարարեց, որ իր խոսքերը դեռ չեն նշանակում, որ Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ կան:
Ղարսի պայմանագիրը կնքվել է 1921թ. հոկտեմբերի 13-ին քեմալական Թուրքիայի և Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների կողմից։ Պայմանագրով հստակեցվում էր Թուրքիայի և Անդրկովկասյան հանրապետությունների սահմանը։Պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները համաձայնում էին, որ Նախիջևանի մարզն առանձին ինքնավար հանրապետություն է դառնում Ադրբեջանի կազմում։ Ղարսի պայմանագիրը հիմնականում կրկնում էր 1921թ. Մոսկվայի պայմանագրի դրույթները, որը ոտնահարում էր Հայաստանի կենսական շահերը։
Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-