Հայ-թուրքական գործընթացի արդյունքների բացակայությունը կարող է ԱՄՆ արտաքին քաղաքականության նախաձեռնության ձախողում նշանակել. փորձագետ

05.03.2010, 16:14
Հայ-թուրքական գործընթացի արդյունքների բացակայությունը կարող է ԱՄՆ արտաքին քաղաքականության նախաձեռնության ձախողում նշանակել. փորձագետ
Հայ-թուրքական գործընթացի արդյունքների բացակայությունը կարող է ԱՄՆ արտաքին քաղաքականության նախաձեռնության ձախողում նշանակել. փորձագետ

Հայ-թուրքական գործընթացում արդյունքների բացակայությունը կարող է նշանակել ԱՄՆ արտաքին քաղաքականության նախաձեռնության ձախողում, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը։

«Ապրիլի 24-ին (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ «Նովոստի-Արմենիա») ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է ինչ-որ բան ասի։ Եթե գործընթացում որևէ առաջխաղացում չլինի, դա կարող է ԱՄՆ միջազգային նախաձեռնության ձախողում նշանակել»,- ասաց Շաքարյանն՝ ընդգծելով, որ Թուրքիայի «քմահաճույքները» տվյալ հարցում վտանգավոր են Օբամայի արտաքին քաղաքական կուրսի համար։

ԱՄՆ նախագահներն ավանդաբար ապրիլի 24-ին հանդես են գալիս հայտարարությամբ՝ եղեռնի զոհերի հիշատակին։ Իր ելույթում 2009 թվականին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, խոսելով 1915 թվականի իրադարձությունների մասին, օգտագործել է «Մեծ Եղեռն» արտահայտությունը՝ հայերենից թարգմանաբար՝ «մեծ ցեղասպանություն»։

Փորձագետը հիշեցրեց, որ Թուրքիան առաջին երկիրն էր, որ Օբաման պաշտոնապես այցելեց ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Հենց այդ այցի ընթացքում մշակվեց Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման ծրագիր, ինչն, ըստ էության, դարձավ Օմաբայի առաջին միջազգային նախաձեռնությունը։

Շաքարյանի խոսքերով, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության բանաձևի հաստատումը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն վճռականորեն է տրամադրված հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում։

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի ընդունմանը «կողմ» է քվեարկել 23 կոնգրեսական, դեմ՝ 22 կոնգրեսական: Քվեարկությունը չի նշանակում, որ բանաձևը վերջնականապես ընդունվել է, այժմ փաստաթուղթը հաստատված տեսքով պետք է ներկայացվի ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմի քննարկմանը:

Թուրքագետը նշեց իրադարձությունների հետագա զարգացման մի քանի հնարավոր սցենարներ։ Դրանց թվում նա նշեց այն տարբերակը, որ Թուրքիան կարող է ուղղել արձանագրությունները Մեջլիսի համապատասխան հանձնաժողովի քննարկմանը, որպեսզի ևս մեկ անգամ հետաձգի գործընթացը։

Հայաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրեցին հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրություններ, որոնք այնուհետև պետք է վավերացվեին երկու երկրի խորհրդարանների կողմից:

«Ծայրահեղ դեպքում, եթե ԱՄՆ-ն լրացուցիչ ճնշում գործադրի, հնարավոր է, որ Թուրքիան վավերացնի արձանագրություններից մեկը՝ սահմանների բացման մասին»,- ասաց Շաքարյանը, հավելելով, որ իրավանորմատիվային բազայի և ենթակառուցվածքի ստեղծում պահանջող այդ գործընթացը «կարող է ևս մեկ տարով հետաձգվել, մինչև հաջորդ ապրիլ»։

Թուրքագետն ասաց, որ նկատի առնելով արտաքին քաղաքական իրավիճակը, նա ճիշտ է համարում Հայաստանի կողմից տարվող արտաքին քաղաքական կուրսը, մասնավորապես, ընդգծելով միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխությունների կատարումը, որոնք թույլ են տալիս հետ կանչել ստորագրությունը մինչև դրանց՝ ուժի մեջ մտնելը։ 

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: Առաջինը դա 1965 թ.-ին արել է Ուրուգվայը, որի օրինակին հետևել են Ռուսաստանի Դաշնությունը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։-0-