ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիային կվերադարձնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իրական հուն. Խորհրդարանական հանձնաժողովի նախագահ

05.03.2010, 14:10
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիային կվերադարձնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իրական հուն. Խորհրդարանական հանձնաժողովի նախագահ

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը թույլ կտա վերադարձնել Թուրքիային հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի իրական հուն, կարծում է Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

«Հայաստանը պետք է արդեն վաղուց հայտարարեր, որ հայ-թուրքական գործընթացը շեղվել է իրական հունից և հիմնարար սկզբունքներից՝ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումից, սահմանի բացումից և խելամիտ ժամկետներում դիվանագիտական հարաբերությունների հաստատումից», - ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Ռուստամյանը:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանը ստեղծված իրավիճակում իրավունք ունի ուղղել խախտումներն ու վերադարձնել գործընթացը իրական հուն, առավել ևս ունենալով երկրի Սահմանադրական դատարանի որոշումը, որը 2010 թ.-ի հունվարի 12-ին հայ-թուրքական արձանագրությունները համապատասխան է ճանաչել երկրի Մայր օրենքին: Ինչպես կարծում է Ռուստամյանը, թուրքերը տեսնում են, որ ցանկալի արդյունք չեն ստանում հարաբերությունների կարգավորման գործընթացից, իսկ իրավիճակն էլ ավելի է խորանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քաղաքականությունից:

«ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկության ժամանակ թուրք պատվիրակները փորձում էին թույլ չտալ փաստաթղթի ընդունումը՝ պնդելով, որ դա կխանգարի հարաբերությունների կարգավորմանն ու արձանագրությունների վավերացմանը: Թուրքական կողմը միշտ սպառնում է, որ բանաձևի ընդունումը խոչընդոտ կդառնա Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման համար», - հիշեցրեց Ռուստամյանը:

Հայ պատգամավորը նշեց, որ մինչև հիմա «օդում է կախված» այն հարցը, թե ինչու Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը պետք է խոչընդոտի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, առավել ևս, որ ԱՄՆ-ն առանց որևէ նախապայմանի հարաբերությունների կարգավորման կողմնակից է:

«Եթե ԱՄՆ-ն ցանկանում է ցույց տալ, որ այս երկու գործընթացները միմյանց հետ կապված չեն, ապա լավագույն միջոցը Հայոց ցեղասպանության ճանաչումն է», - համոզված է Ռուստամյանը:

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի ընդունմանը «կողմ» է քվեարկել 23 կոնգրեսական, դեմ՝ 22 կոնգրեսական: Երեսուն կետից բաղկացած փաստաթուղթը (թիվ 252 բանաձև) կոչ է անում ԱՄՆ նախագահին՝ ջանքեր գործադրել մարդու իրավունքներին և ազատություններին, էթնիկ զտումների և Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերին արժանի լուծում տալու համար:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը:--0—