ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Գյումրիում 2010 թ.-ի մայիսի վերջին -հունիսի սկզբին տեղի կունենա ռուս-թուրքական պատերազմի ընթացքում զոհված ռուսական բանակի 156 սպաների ամփոփման վայրում ստեղծված «Պատվո բլուր» վերականգնված հուշարձանի բացումը, հայտնեց Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական, Երևանում ռուսական համագործակցության դաշնային գործակալության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը:
«Պատվո բլուրը» զինվորական գերեզմանոց է՝ հիմնված 1856 թ.-ին որպես հուշարձան Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ Նիկոլայ Մուրավյովի կարգադրությամբ: Առաջին հուղարկավորությունը վերագրվում է 1856 թ.-ին: Այն ժամանակ հենց դրա կողքին կառուցվել է ռուսական ուղղափառ մատուռ՝ որպես զոհվածների հրաժեշտի վայր:
«Պատվո բլրի» բացումը սերտորեն կապված կլինի Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի 65-ամյակի տոնակատարություններին նվիրված միջոցառումների հետ»,- չորեքշաբթի Կրիվոպուսկովն ասաց «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:
Ըստ նրա՝ հուշարձանը, որի հեղինակը քանդակարգործ Բորիս Միկեշինն է, կանգնեցվել է 1909 թ.-ին և դարձել ռուս և հայ ժողովուրդների միասնության մարմնավորումը:
«Պատվո բլուր» հուշարձանային համալիրի վերականգնման գաղափարին սատարում են Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարությունները: Նախագիծն իրականացվում է ՌԴ Ուլյանովսկի մարզի և ՀՀ Շիրակի մարզի, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների աջակցությամբ:
Կազմակերպչական հարցերի լուծման համար ստեղծված է ռուս-հայկական «Պատվի գործ» բարեգործական հիմնադրամը, որի համանախագահներն են Հայաստանում «Ռուսական համագործակցության» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովն ու հայ հասարակական գործիչ Անդրանիկ Նիկողոսյանը: -0-