Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն (ԱՀԱԿ) «Վերջ դնել Թուրքիայի՝ բերանը փակելու քաղաքականությանը» արշավի շրջանակներում այսօր սկսել է զանգվածային, լրատվական, գովազդային և լոբբիստական նախաձեռնությունների շարք՝ ի նշան ԱՄՆ Կոնգրեսի կողմից թիվ 252 բանաձևի պաշտպանության։
Բանաձևը, մասնավորապես, կոչ է անում ԱՄՆ կառավարությանը նկատի առնել Հայոց ցեղասպանության դասերը՝ հետագայում մարդկության դեմ հանցագործություններից խուսափելու նպատակով։
Ինչպես նշվում է երեքշաբթի ԱՀԱԿ-ի կողմից տարածած հաղորդագրությունում, Կոմիտեի նոր արշավը մեկնարկել է կիրակի օրը՝ CBS հեռուստաընկերության եթերով Հայոց ցեղասպանության մասին պատմող հեռուստառեպորտաժով։
««Վերջ դնել Թուրքիայի՝ բերանը փակելու քաղաքականությանը» արշավն ուղղված է ամերիկյան հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների գիտակցությանը ցեղասպանության մերժման վտանգը և անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը հասցնելը՝ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի ճանաչման պաշտպանության համար»,- հաղորդագրությունում մեջբերվում են ԱՀԱԿ-ի գործադիր տնօրեն Արման Ամպարյանի խոսքերը։
Հաղորդագրության համաձայն՝ արշավի խորհրդանիշը՝ Ամերիկայի Ազատության արձանը՝ թուրքական դրոշը բերանին կապած, տեղադրված է ԱՀԱԿ-ի պաշտոնական կայքում՝ www.anca.org/endthegagrule:
Կայքում առաջարկվում են Հայոց ցեղասպանության բանաձևի քարոչզության հնարավոր ուղիները և աջակցությունն այդ փաստաթղթին, ուսուցողական նյոթեր Յաոց ցեղասպանության մասին, ինչպես նաև գործնական կապեր հաստատելու հնարավորությունները:
Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը կքննարկվի ԱՄՆ Կոնգրեսում մարտի 4-ին։ Ներկայումս բանաձևի օգտին հանդես է գալիս 137 կոնգրեսական։
Միաժամանակ Կոնգրեսի Վերին պալատում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևին (№316) սատարում է 13 սենատոր՝ Ռոբերտ Մենենդեզի և Ջոն Էնսայնի գլխավորությամբ, ասվում է հաղորդագրության մեջ:
Ներկայումս №252 բանաձևը, որը ներկայացվել է կոնգրեսականներ Ադամ Շիֆի և Ջորջ Ռադոնովիչի, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի «Հայկական խմբի» համանախագահներ Ֆրենկ Փալոնեի և Մարկ Կիրկի կողմից, ինչպես նաև №316 նմանատիպ բանաձևը, որը ներկայացվել է Սենատ սենատորներ Ռոբերտ Մենենդեսի, Ջոն Էնսայնի կողմից, սպասում են երկու պալատների Արտաքին գործերի կոմիտեների հաստատմանը:
Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-