Հայաստանում առողջապահության մակարդակը, չնայած ճգնաժամին, զգալիորեն աճել է, ուրբաթ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը «Հայաստանի առողջապահության համակարգի ծրագրերի կատարողականի գնահատականը» և «Հայաստանի ազգային առողջապահության հաշվետվությունը» զեկույցների շնորհանդեսի ժամանակ, որոնք պատրաստվել են Համաշխարհային բանկի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ:
«Մասնավորապես կրճատվել է մանկական մահացությունը, բարձրացել է հիվանդանոցային օղակի արդյունավետությունը, մարդիկ սկսել են հաճախ օգտվել առողջապահության համակարգի ծառայություններից, բարձրացել է կյանքի միջին տևողությունը», - նշեց նախարարը:
Նրա խոսքերով, 2008թ.-ին, երբ ճգնաժամը հարվածեց հանրապետության տնտեսությանը, կառավարությունն, այնուամենայնիվ, լուրջ ներդրումներ կատարեց առողջապահության ոլորտում, և դա արդարացվեց:
«Մեր առջև դեռ շատ մարտահրավերներ են ծառացած, մասնավորապես՝ ծխելու դեմ պայքարը, բժշկական ծառայությունների մատչելիությունը և այլն», - ընդգծեց Քուշկյանը:
Նախատեսված հիմնական նախագծերի թվում նախարարը նշեց մարզային հիվանդանոցների վերազինման և արդիականացման ծրագիրը, ինչպես նաև Շտապօգնության համակարգի վերազինումը:
«Ճգնաժամի պատճառով այդ ծրագրերը հետաձգվեցին, և մենք հուսով ենք, որ 2010թ.-ին կհաջողվի իրագործել դրանք», - ավելացրեց նախարարը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Էնիս Բարիշն իր հերթին նշեց, որ զեկույցները բավականին հիմնավորումներ են տալիս, որպեսզի հետագայում ևս աջակցություն ցուցաբերվի Հայաստանին առողջապահության ոլորտում բարեփոխումների իրագործման հարցում:
«Մեր մանդատի շրջանակներում մենք կանենք ամեն ինչ Հայաստանին այդ գործում աջակցելու համար», - ընդգծեց ԱՀԿ-ի ներկայացուցիչը:
Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը նշեց, որ ՀԲ-ն ծրագրում է հետագայում ևս աջակցել Հայաստանի առողջապահական ոլորտում իրականացվող բարեփոխումներին:
«Մենք նպատակաուղղված ենք բարձր արդյունավետություն ապահովել նախատեսված բոլոր ծրագրերի իրագործման հարցում, ստեղծել բարենպաստ պայմաններ ոլորտի զարգացման, մատչելի և բարձրորակ բուժծառայությունների ներդրման համար», - ավելացրեց Վարուդակիսը:-0-