ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է ոստիկանապետին «Հայխնայբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի կալանավորման ընթացքում թույլ տրված խախտումների առնչությամբ շրջաբերական ուղղելու համար:
«Խախտումները թույլ էին տրվել Սուքիասյանի կալանավորման ընթացքում, երբ նրան հնարավորություն չի տրվել հանդիպել իր փաստաբանի հետ»,- ասաց Հարությունյանը հինգշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Միևնույն ժամանակ Հարությունյանը նշեց, որ սա տարածված պրակտիկա է, ինչով էլ պայմանավորված է մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Ոստիկանության պետին:
Ընդ որում նա նշեց, որ Սարիբեկյանի գործով նախաքննության ընթացքում առայժմ ոչ մի խախտում թույլ չի տրվել:
Ոստիկանության տվյալներով՝ Սուքիասյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 133 հոդվածի 2-րդ մասի 1,7 կետերով (անօրինական ազատազրկում՝ իրագործված մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ և շահադիտական նպատակներով): Տվյալ հոդվածով նախատեսվում է 3-5 տարվա ազատազրկում:
Սարիբեկ Սուքիասյանը 2008թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարած խոշոր ձեռներեց Խաչատուր Սուքիասյանի հարազատ եղբայրն է: 2008թ.-ի մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների մեղադրանքով մեկ տարուց ավելի հետախուզման մեջ գտնվող Սուքիասյանը 2009 թ.-ի սեպտեմբերի 1-ին ինքնակամ եկել էր Հայաստանի Հատուկ Քննչական ծառայություն: Նրա նկատմամբ որպես կասեցման միջոց էր ընտրվել ձերբակալությունը: Սակայն արդեն սեպտեմբերի 4-ին Սուքիասյանին ազատ են արձակել՝ քաղաքը չլքելու մասին գրությամբ:
Ոստիկանության փետրվարի 12 հաղորդագրության համաձայն՝ ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել «Աուդիտ» ՍՊԸ տնօրեն Գոռ Դավթյանը և հայտնել, որ 2008 թվականի հոկտեմբերին իրեն պատկանող «Բյուրեղ» ՓԲԸ-ի 41 տոկոս բաժնետոմսերը վաճառել է Սարիբեկ Սուքիասյանի կնոջը` Ասպրամ Տոնոյանին:
2009 թվականի նոյեմբեր ամսին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից գործարքն անվավեր է ճանաչվել, ինչից հետո ՓԲԸ-ում հայտնվել է նոր բաժնետեր, որը ցանկություն է հայտնել գնել իրեն պատկանող բաժնեմասերը:
Ինչպես նշել են մամուլի ծառայությունից, Այդ մասին Սարիբեկ Սուքիասյանին տեղյակ պահելու նպատակով Գոռ Դավթյանը փետրվարի 12-ին, ժամը 13.00-ի սահմաներում գնացել է «Սիլ գրուպի» գրասենյակ, որտեղ Սուքիասյանն ու ոմն Արտաշ սպանության իրական սպառնալիքների տակ նրան պարտադրել են ստորագրել բաժնեմասերի հետ կապված որոշ փաստաթղթեր:
Փետրվարի 12-ին, ժամը 18.00-ին Սարիբեկ Սուքիասյանը և «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը բերման են ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին:
Քննությունը վարում է Էրեբունու քննչական բաժինը: --0--