Հայ-թուրքական գործընթացն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միմյանց հետ կապված չեն, չորեքշաբթի խորհրդարանում տեղի ունեցած կառավարական ժամի ընթացքում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Դա Հայաստանի մոտեցումն է: Այս մոտեցմամբ և ըմռնումով ենք մենք սկսել բանակցությունները թուրքական կողմի հետ, և եթե թուրքական կողմը չունենար նմանատիպ ըմբռնում, ապա այդ բանակցությունները չէին սկսվի», - ասել է Նալբանդյանը:
Միաժամանակ նախարարը նշել է, որ բանակցություններն ընթանում են նույն ըմբռնմամբ, և ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում որևէ շաղկապում չկա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:
Նրա խոսքերով, նման մոտեցում ունեն նաև հայ-թուրքական հարաբերություններում միջնորդ-երկրները, մասնավորապես՝ Շվեյցարիան, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան:
«Հայաստանը չի շաղկապել և որևէ կերպ չի շաղկապի հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան հակամարտության հետ: Եթե թուրքական կողմը արձանագրությունների ստորագրումից հետո խոսում է նախապայմանների լեզվով, ապա դա նրանց խնդիրն է՝ համապատասխան հետևանքներով», - ասել է Նալբանդյանը:
Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-