Նախատեսվում են ՌԴ Կրասնոդարի երկրամասի և Օրենբուրգի նահանգապետների այցելությունները Հայաստան

22.02.2010, 19:25
Նախատեսվում են ՌԴ Կրասնոդարի երկրամասի և Օրենբուրգի նահանգապետների այցելությունները Հայաստան
Նախատեսվում են ՌԴ Կրասնոդարի երկրամասի և Օրենբուրգի նահանգապետների այցելությունները Հայաստան

2010թ.-ի ընթացքում նախատեսվում են ՌԴ Կրասնոդարի երկրամասի և Օրենբուրգի նահանգապետների այցելությունները Հայաստան, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության  հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաղորդագրության համաձայն, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին:

Դեսպանը փոխվարչապետին է հանձնել ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի նամակը, որում վերջինս վերահաստատում է փոխվարչապետի հրավերը` մասնակցելու մարտի 5-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների տնտեսական համաժողովին:

Արմեն Գևորգյանը նշել է, որ Շուվալովի` Երևան այցից հետո  հայկական կողմն արդեն ձեռնամուխ է եղել համաժողովին մասնակցելու հետ կապված նախապատրաստական աշխատանքներին. ձեւավորվում է հայկական պատվիրակությունը:

 

Փոխվարչապետը տեղեկացրեց նաև, որ Մոսկվայում մարտի 5-ին մասնակցելու է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին, ինչպես նաեւ այցի ընթացքում պլանավորվում են հանդիպումներ Ի. Շուվալովի, ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինի հետ`  քննարկելու թե երկկողմ հարաբերությունների խորացման, թե ԱՊՀ շրջանակներում Հայաստանի և ԱՊՀ երկրների փոխշահավետ գործակցության ընդլայնման հնարավորությունները:

Փոխվարչապետն առանձնահատուկ կարեւորեց  ՌԴ շրջանների եւ ՀՀ մարզերի միջեւ ուղիղ փոխհարաբերությունների խորացման անհրաժեշտությունը, ինչը հզոր ներուժ եւ զարգացման մեծ հեռանկարներ ունի:

Անդրադարձ եղավ նաև այս տարվա ընթացքում նախանշվող փոխայցելություններին. մասնավորապես նախատեսվում են ՌԴ Կրասնոդարի երկրամասի և Օրենբուրգի նահանգապետերի այցելությունները Հայաստան:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին նաև ԱՊՀ հետագա զարգացման ուղղությունների վերաբերյալ: Կողմերը վստահություն հայտնեցին, որ ԱՊՀ-ում Ռուսաստանի Դաշնության նախագահության ժամանակահատվածն արդյունավետ կօգտագործվի ԱՊՀ անդամ երկրների փոխգործակցության զարգացման և կառույցին նոր լիցք ու կարեւորություն հաղորդելու առումով:          

Դեսպանը նաև ներկայացրեց, որ հավանաբար ամռան սկզբին Գյումրիում արդեն կավարտվեն Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիրի կառուցման աշխատանքները: Փոխվարչապետն էլ տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում այս տարի Հայաստանում անցկացվելիք Դելփյան խաղերը բարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ. միջոցառումներ են նախատեսվում նաեւ մարզերում` Խաղերի մասնակիցներին հանրապետության մարզերին ծանոթանալու հնարավորություն ընձեռելու նպատակով:    -0-