Հայ ընդդիմադիր գործարարի եղբորն անօրինական գործողություններ կատարելու մեղադրանք է ներկայացվել
Հայխնայբանկի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանին մեղադրանք է ներկայացվել հայ գործարարներից մեկին անօրինական կերպով ազատազրկելու մեջ:
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից, Սուքիասյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 133 հոդվածի 2-րդ մասի 1, 7 կետերով (անօրինական ազատազրկում՝ իրագործված մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ և շահադիտական նպատակներով): Տվյալ հոդվածով նախատեսվում է 3-5 տարվա ազատազրկում:
Ընդ որում, ինչպես ասվում է ուրբաթ Սարիբեկ Սուքիասյանի՝ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած հայտարարության մեջ, նա հրաժարվել է որևէ փաստաթուղթ ստորագրել և ծանոթանալ, «քանի որ դրանք բոլորն անհիմն են, որովհետև քրեական գործը հարուցվել է շինծու հիմքերով»:
«Դրա նպատակը մեզանից մեր նոր գործարանը խլելն է և մեր բարի համբավը վնասելը: Քաղաքական դրդապատճառները բոլորին հայտնի են»,- ասվում է հայտարարության մեջ:
Սարիբեկ Սուքիասյանը 2008թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարած խոշոր ձեռներեց Խաչատուր Սուքիասյանի հարազատ եղբայրն է: 2008թ.-ի մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների մեղադրանքով մեկ տարուց ավել հետախուզման մեջ գտնվող Սուքիասյանը 2009 թ.-ի սեպտեմբերի 1-ին ինքնակամ եկել էր Հայաստանի Հատուկ Քննչական ծառայություն: Նրա նկատմամբ որպես կասեցման միջոց էր ընտրվել ձերբակալությունը: Սակայն արդեն սեպտեմբերի 4-ին Սուքիասյանին ազատ են արձակել քաղաքը չլքելու մասին գրությամբ:
Ինչպես իր հայտարարության մեջ նշել է Հայխնայբանկի խորհրդի նախագահը. «Ցանկանում եմ բոլորին տեղեկացնել, որ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելով, այդ թվում նաև մեղադրանք առաջադրելով, ոչ ոք չի կարող խլել մեր ունեցվածքը և կոտրել մեր կամքը:
Հուսով եմ՝ չի գա այն ժամանակը, որ մենք ստիպված լինենք հրապարակելու մեր ունեցվածքը խլելու ցանկություն ունեցող բանդայի բոլոր անդամների անունները: Մենք առաջնորդվում ենք միայն բիզնես մտածելակերպով»:-0-