Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներին կաշառք վերցնելու մեղադրանք է ներկայացվել

18.02.2010, 17:17
Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներին կաշառք վերցնելու մեղադրանք է ներկայացվել
Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներին կաշառք վերցնելու մեղադրանք է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է բնապահպանության նախարարության երկու աշխատակցի՝ Բնապահպանական պետական տեսչության պետ Տիգրան Գրիգորյանի և նրա տեղակալ Արսեն Պետրոսյանի կողմից կաշառք ստանալու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական  պետական տեսչության  պետի տեղակալ  Արսեն Պետրոսյանը  ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարագրի հիման վրա 2009 թվականին ստուգել է  «Դելտա ֆրագմենտ»  ՍՊԸ-ի կողմից  շահագործվող  «Երևան քաղաքի  Աստղիկի գիպսատար  կավերի և բազալտների  հանքավայրում»-ում   բնության պահպանության և բնական պաշարների  արդյունավետ օգտագործման  բնագավառի օրենսդրության պահանջների կատարման վիճակը:  

«Նշված ընկերության կողմից շահագործվող հանքավայրում հայտնաբերված բնապահպանական բնագավառի օրինախախտումներն ստուգման ակտում  չարձանագրելու և գանձման ենթակա  տուգանքի չափը նվազեցնելու  համար Պետրոսյանը «Դելտա ֆրագմենտ»  ՍՊԸ-ի  տնօրեն Վարդան Ասլանյանից  ստացել է  400 հազար դրամ կաշառք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ` նախաքննությամբ պարզվել է, որ Արսեն Պետրոսյանը, իր անմիջական ղեկավար  Տիգրան Գրիգորյանի հետ  համաձայնության գալով,  ստուգել է  «Ախթալայի լեռնահարստացման  կոմբինատ» ՓԲԸ-ում  բնական ռեսուրսների  օգտագործման և պահպանման  պահանջների կատարման վիճակը, որից հետո ընկերության  խորհրդի նախագահի օգնական  Հրանտ Ավագյանից պահանջել և ստացել 5 մլն դրամ կաշառք: 

Հաղորդագրության համաձայն՝ նշված գումարը տեսուչները պահանջել են Լոռու մարզի  Այրում-Ճոճկան  ձորում գտնվող  շրջանառու ջրամատակարարման  համակարգը շահագործման  հանձնելու ժամկետը  երկարաձգելու թույլտվություն տալու  համար: 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա`  Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի  3-րդ մասի 3-րդ և 4-րդ մասի 2-րդ կետերով:   Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:-0-