Հայ գրողները Հայաստանի յուրաքանչյուր դպրոցի շուրջ 200 գիրք կնվիրեն Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ

18.02.2010, 15:25
Հայ գրողները Հայաստանի յուրաքանչյուր դպրոցի շուրջ 200 գիրք կնվիրեն Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Շուրջ 150 հայ գրողներ ուրբաթ՝ «Գիրք նվիրելու օրը», կայցելեն Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներ ու դպրոցական գրադարաններին 200-ական նմուշ գիրք կնվիրեն, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Գողների միության նախագահ Լևոն Անանյանը:

«Գրողները կհանդիպեն աշակերտների և ուսուցիչների հետ, կզրուցեն նրանց հետ գրքերի նշանակության մասին»,- ասաց նա: Անանյանը նշեց, որ Գրողների միության այս նախաձեռնությանը ուրախությամբ են արձագանքել մարզային ղեկավարներն ու դպրոցների տնօրենները:

«Հույս ունենք, որ նման միջոցառումները կօգնեն աճող սերնդին վերադարձնել գրքի հանդեպ կորսված հետաքրքրությունը»,- հավելեց Միության նախագահը:  

Նա նաև ասաց, որ Գրողների միությունը ողջունում է «Գիրք» հիմնադրամի նախաձեռնությունը, որը փետրվարի 19-ին գրքեր կնվիրի հայկական մանկատներին : -0-