Հայաստանում և Թուրքիայում հասարակական կարծիքը կախված է իշխանությունների վարքագծից. ՀՀ վարչապետ

12.02.2010, 14:41
Հայաստանում և Թուրքիայում հասարակական կարծիքը կախված է իշխանությունների վարքագծից. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ Հայաստանում և Թուրքիայում երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին հասարակական կարծիքը կապված է երկու երկրների իշխանությունների վարքագծից:

«Մենք մեր ետևից սեփական հասարակությունները տանելու պատմական հնարավորություն ունենք, քանի որ համոզված ենք, որ դա միակ ճիշտ ուղին է: Հայաստանի նախագահի թեզն այն մասին, որ իշխանություններից այսօր շատ բան է կախված, տեղին է, քանի որ իշխանությունների վարքագիծը կձևավորի հասարակական կարծիքը», - ասաց Սարգսյանը՝ ելույթ ունենալով «Հայ-թուրքական հարաբերություններ և միջսահմանային ռեգիոնալիզմ» թեմայով հասարակական քննարկումների ժամանակ:

Վարչապետը նշեց, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դիմակայության հանդիպեց, այդ թվում՝ նաև սփյուռքում:

«Մենք տեսանք, որ կան ուժեր, որոնց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընկալումը համահունչ չէ մեր ընկալման հետ: Եվ մենք դա շատ բնական ենք համարում, քանի որ մենք պատմությունից ժառանգություն ենք ստացել այնպիսի ցավ և վերքեր, որոնք անհնար է հաղթահարել մեկ րոպեում», - ասաց նա:

Վարչապետն ընդգծեց այն բանի գիտակցման անհրաժեշտությունը, որ այդ տեսակետները արհեստական չեն: «Դրանք օբյեկտիվ են, լուրջ մտավախություն և վախ կա, որ իրականում դա հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ռազմավարություն չէ, այլ վտանգավոր պատրանք, որը հերթական անգամ հիասթափություն կառաջացնի մեր ժողովուրդների համար և կստեղծի միջավայր, որը հեռու է իրականությունից և մեր պատկերացումներից այն մասին, թե ինչպիսին այն պետք է լինի», - ասաց նա:

Կառավարության ղեկավարի խոսքերով՝ ընդդիմախոսների հիմնական թեզը (կապված հարաբերությունների կարգավորման հետ) այն է, որ «մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում, որպեսզի մենք կորցնենք զգոնությունը, և հետևաբար մենք պատրաստ չենք լինի նոր մարտահրավերների՝ հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, հակահայկական քարոզչության հետ կապված՝ հարևան Ադրբեջանում ձևավորվող մթնոլորտը և այն մասշտաբային ֆինանսական ծախսերը, որոնք իրականացնում է Ադրբեջանը ռազմատենչ հայտարարությունների հետ մեկտեղ»:

«Այս հասարակական մտավախությունը անհիմն չէ, և դա նշանակում է, որ մենք չպետք է կորցնենք մեր զգոնությունը, և որ մեզ համար չափազանց կարևոր է, թե ինչպիսի ռազմավարություն են ընտրել Թուրքիայի քաղաքական իշխանությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: Հենց սրանով է պայմանավորվում այն հանգամանքը, որ մենք չենք կարող շատ երկար սպասել, և որ անհրաժեշտ է խելամիտ ժամանակահատված՝ մեր քաղաքական գործընկերների կողմից ստանալու համար այն հարցի պատասխանը, թե ինչպիսի՞ն են նրանք տեսնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և արդյո՞ք նրանք քաղաքական կամք կդրսևորեն Թուրքիայի խորհրդարանում երկկողմ արձանագրությունները վավերացնելու համար», - ասաց Սարգսյանը:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-